ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելը և վստահություն է հայտնել, որ «Համաս»-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնագիր կկնքվի։
«Մենք պաշտոնապես մեկնարկել ենք Գազայի 20 կետանոց խաղաղության ծրագրի հաջորդ փուլը», - գրել է Թրամփը «Truth Social»-ում։
Նա հայտարարել է նորաստեղծ պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը իր աջակցության մասին։ «Որպես Խաղաղության խորհրդի նախագահ՝ ես աջակցում եմ նորաստեղծ պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը՝ Գազայի ազգային կառավարման կոմիտեին, որն ունի Խորհրդի գերագույն ներկայացուցչի աջակցությունը և կկառավարի Գազայի հատվածը անցումային շրջանում։ Այս պաղեստինյան առաջնորդները անսասան են խաղաղ ապագայի նկատմամբ իրենց հանձնառության մեջ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ պաղեստինյան Համասի շարժման լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնագիր կկնքվի։ «Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի աջակցությամբ մենք «Համաս»-ի հետ կհասնենք համապարփակ ապառազմականացման համաձայնագրի, որը ներառում է բոլոր զենքերի հանձնումը և բոլոր թունելների ապամոնտաժումը», - ասել է նա։
Թրամփի խոսքով՝ «Համաս»-ը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները, վերադարձնի վերջին իսրայելցի պատանդի մարմինը և անհապաղ սկսի լիակատար զինաթափումը։

Русский