Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում Կիրիբատի կղզի-պետության ձկնորսները փրկել են Պապուա Նոր Գվինեայից 18-ամյա Լուկա Ռահանային, ով 41 օր նավակով դրեյֆել է (հոսանքի ուղղությամբ տեղաշարժվել)՝ տնից մոտ 2000 կիլոմետր հեռավորության վրա, հայտնել է ավստրալական ABC հեռարձակող ընկերությունը։
Անցյալ ամիս Ռահանան իր զարմիկի հետ Բուգենվիլ կղզու հյուսիսից դուրս էր եկել ձկնորսության։ Ճանապարհորդության ընթացքում նավակի շարժիչը շարքից դուրս է եկել։ Քանի որ նավակի վրա խարիսխ չի եղել, այն սկսել է անկառավարելիորեն տեղաշարժվել ծովում։
Հոկտեմբերի 27-ին Կիրիբատիից ձկնորսները հայտնաբերել են Ռահանային Տարավա և Մայանա կղզիների միջև։ Երիտասարդի օրգանիզմը խիստ ջրազրկված է եղել։ Ըստ ABC-ի՝ նրա զարմիկը մահացել էր ծովում՝ փրկությունից մեկ շաբաթ առաջ։
Ռահանային տեղափոխել են Կիրիբատիի մայրաքաղաք Տարավայի հիվանդանոց։ Նա բուժում է ստանում և աստիճանաբար ապաքինվում է։

Русский