Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն, Փաշինյանը երկու ճակատամարտի է պատրաստվում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։

Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ՔՊ պատգամավորներին, ըստ էության, «մեսիջ» են փոխանցել՝ հանգիստ եղեք, այս քրեական վարույթը ձեր դեմ չէ, քննության առարկա են դառնալու ընդդիմադիր պատգամավորների թիկնապահներ-օգնականների գործողությունները։

Այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի այս քրեական վարույթով ՔՊ-ի ակտիվ մասնակիցները կարող են անպատիժ մնալ, իսկ պատասխանատվության կենտրոնում հայտնվեն ընդդիմադիր պատգամավորների թիկնապահ-օգնականները. ինչպես բնորոշում է ՔՊ-ն։

Նշենք, որ, ըստ Դատախազության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Հիմա հանրությանն ընդամենը մեկ հարց է հետաքրքրում՝ օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են, թե՞ ԱԺ-ում բռնություն գործադրելու դեպքում ՔՊ-ականները անպատիժ կմնան, իսկ ընդդիմադիրներն ու նրանց օգնականները պատասխանատվության առաջ կկանգնեն»։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Գեւորգ Փարսյանը։ Եթե Կապանում ՔՊ-ն «բլիժնի բոյ» է մտնելու Գեւորգ Փարսյանի հետ այլ արբանյակ ուժեր չկան, ապա Աբովյանում մի քանի «գրուպպա պադդերժկի» ունեն։

Ընտրությանը մասնակցելու համար 4 ուժ է առաջադրվել՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը «Գործարար» կուսակցության ցուցակով, Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ՔԺԿ-ի՝ Լեւոն Շիրինյանի կուսակցության ցուցակով, եւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։Ինչպես տեղեկացրել ենք, Պալաչին անձնագրայինը տեղեկանք չի տվել, քանի որ Հայաստանում գտնվելու ցենզին չի բավարարել: Ըստ օրենքի 48 ժամ են հատկացնում թերություններն ու անճշտությունները վերացնելու համար, 5-օրյա ժամկետ՝ գրանցման համար:

Եթե վարչական դատարանը մերժի Հարությունյանի պահանջը եւ ընտրություններին մասնակցության տեղեկանք չհատկացնի, ապա ՔՊ-ի հույսը կմնա Բանուչյանը, բայց անգամ այս պարագայում Բաբայանին հաղթելը հեշտ չի լինելու:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական քաղաքական իրականության մեջ մանիպուլյացիոն գործիքակազմն ու քաղաքական տեխնոլոգիաներն այնպիսի հմտությամբ են կիրառվում, որ հաճախ կարող են նախանձ շարժել անգամ համաշխարհային մասշտաբի առաջատար ուղեղային կենտրոնների շրջանում։ Քաղաքական դաշտի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող իշխանության քաղաքական կուրսը սպասարկող որոշ սատելիտային ուժեր ու գործիչներ ընտրական բոլոր փուլերում և դրանց արանքում զբաղված են բացառապես երկու խնդրի լուծմամբ, որոնք հնարավորություն են տալիս իշխանությանը խուսափել ուղղակի թիրախավորումից և հանրային բացասական արձագանքից։

Այն, ինչ ՔՊ-ի համար քաղաքականապես անհարմար է բարձրաձայնել, կամ այն հաշվեհարդարները, որոնց տակ իշխանությունը չի ցանկանում սեփական դեմքով ստորագրել, ուղղակիորեն պատվիրակվում են, այսպես կոչված, սատելիտներին, որոնց վառ օրինակն է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Վերջինս, որի խնդիրն, ըստ էության, պետք է լիներ սեփական կուսակցության քաղաքական կշռի ու վարկանիշի բարձրացումը, օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե դիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարելու պահանջով։ Տարիների ընթացքում սպառելով իր քաղաքական ռեսուրսն ու վարկանիշը մոտեցնելով զրոյի՝ նա պատրաստակամորեն ստանձնում է այդ դերը՝ հուսալով դրանով երկարաձգել սեփական գոյությունը քաղաքական դաշտում։ Նման անձանց գործունեությունը փաստացի հանգում է ոչ թե այլընտրանքային օրակարգի ձևավորմանը, այլ բացառապես մանր գործողությունների՝ ուրիշներին խանգարելու և իշխանության դեմ հարվածող գործիք դառնալու առաքելությանը։

Զուգահեռաբար, քաղաքական դաշտում անընդհատ արհեստական թեմաներ ներմուծելով, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերը լուծարելու կամ անհեթեթ իրավական ու քաղաքագիտական անհիմն պահանջներ առաջ քաշելով, այս շրջանակները փորձում են կառավարել տեղեկատվական դաշտը։ Այս մեթոդի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած իրական, սուր սոցիալ-տնտեսական և անվտանգային մարտահրավերներից։ Արդյունքում, քաղաքական դաշտում ձևավորվում է կեղծ օրակարգ, որտեղ անհաջող դերակատարում ստանձնած գործիչները փորձում են արդարացնել իրենց ներկայությունը՝ կատարելով հանրության մեջ զրո պահանջարկ ունեցող և վաղուց բացահայտված այս պատվերը։

Send