Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ MediaHub TV

Ո՞վ է Գարեգին Երկրորդի դեմ քրեական գործը քննող նոր դատավոր Սերժ Ռուշանյանը, ի՞նչ է հայտնի նրա մասին

Blog Image

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկից հետո մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այդ մասին տեղեկությունը հասանելի է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։ Ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկից հետո Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում միայն երկու դատավորի կարող է վերամակագրվել գործը, մեկը՝ Սերժ Ռուշանյանն էր, մյուսը՝ Բաբախանյանը, քանի որ մյուս դատավորներն արձակուրդում են գտնվում։

Հիշեցնենք, որ այդ գործով նախորդ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկի համար հիմք էր դարձել այն հանգամանքը, որ նա 2021թ․ ընթացքում ուսանել է ՀՀ փաստաբանական ակադեմիայում, երբ սույն գործով պաշտպան Արա Զոհրաբյանը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ և ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ։ Ուստի Հակոբ Մանուկյանը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար որակավորման բանավոր քննություն է հանձնել Արա Զոհրաբյանին, որի ղեկավարած հանձնաժողովի կողմից նրա քննական պատասխանը գնահատվել է դրական։ Այս հանգամանքը հաշվի առնելով սույն գործով առաջին դատական նիստի ժամանակ դատավոր Հակոբ Մանուկյանը մտահոգություն է հայտնել, որ նման փաստական հանգամանքները անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած կարող են առաջացնել տվյալ գործով նրա անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել ինչպես գործի քննության օբյեկտիվությունը, այնպես էլ կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով՝ դատավորը հարկ է համարել ինքնաբացարկ հայտնել։

Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Վեհափառ Հայրապետի կողմից կարգալույծ արված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու պատճառաբանությամբ։ Նախկին եպիսկոպոս Արման Սարոյանը մինչև կարգալույծ արվելը իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից զրկելու համար դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ էր ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից, որն էլ բավարարել էր հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Սակայն Մայր Աթոռը դատարանի որոշումը կատարելու փոխարեն հայտարարեց, որ նման հարցերը դատարանի տիրույթում չեն և դա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ Գևորգ եպիոսկոպոս Սարոյանը կարգալույծ հռչակվեց իր կարգազանց ընթացքի, հնազանդության ուխտի դրժման համար։ Որից հետո իրավապահները քրեական վարույթ նախաձեռնեցին ինչպես Գերագույն հոգևոր խորհդի բարձրաստիճան հոգևորականների, այնպես էլ Վեհափառ Հայրապետի նկատմամբ՝ իբրև օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելուն խոչընդոտելու հիմքով, ինչի հետևանքով սրբազանների, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել է նրանց ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Ըստ մեղադրանքի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ է հռչակել Արման Վոլոդիայի Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով Դատարանի կողմից կայացված դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ» որոշման կատարմանը:

Ինչ ընթացք կստանա այս գործի քննությունը նոր դատավորի քննությամբ, անկանխատեսելի է։ Սակայան դատավորի կենսագրության մեջ որոշ հանգամանքեր կան, որոնք մտածելու տեղիք են տալիս, որ դատավորը կարող է նաև իշխանական ճնշումների զոհ դառնալ՝ հաշվի առնելով ներկա իշխանությունների ժամանակ Սերժ Ռուշանյանի զբաղեցրած պաշտոնները արդարադատության նախարարությունում։ Պարզվում է՝ 29-ամյա դատավորը 2020թ. հուլիս մինչև 2021թ. հունվար աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական (Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի լրամշակման, Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման աշխատանքների իրականացման գծով)։ Իսկ 2021թ. օգոստոսից մինչև 2022թ. մարտ ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես նախարարի օգնական «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բարեփոխումների համակարգում։ 2022թ. մարտից մինչև 2022թ. սեպտեմբեր նույն նախարարությունում նախարարի խորհրդական է եղել:

Դատավորի կարիերան Սերժ Ռուշանյանը սկսել է 2023թ.-ից, հուլիսի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում: Այս դատավորի վերաբերյալ հանրային որոշակի կարծիք ձևավորված չէ՝ ի տարբերություն իշխանությունների քմահաճույքներն ի կատար ածող կամ դրանց դիմադրող դատավորների, որոնք հասցրել են մի շարք աղմկահարույց դատական գործերով աչքի ընկնել ու որոշակի համբավ ձևավորել։ Սերժ Ռուշանյանի ստացած հարուստ կրթությունը նրա մասնագիտական կարողությունների վերաբերյալ բավականին խոսուն է։ Դպրոցն ավարտելուց հետո 2014 թվականից մինչև 2018-ը ուսանել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։ Նրա հրապարակած կենսագրության համաձայն՝ զուգահեռ 2015-2018թթ սովորել է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ նորից բակալավրիական կրթություն ստանալով, որից հետո ուսումը շարունակել է Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում՝ Քրեական իրավունք և քրեագիտություն, մարդու իրավունքներ մասնագիտացմամբ:

Չբավարարվելով ստացած կրթությամբ՝ 2019-2020թթ. Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայում ուսանել է Հանրային իրավունք, մարդու իրավունքներ, միջազգային հանրային իրավունք, իրավունքի փիլիսոփայություն մասնագիտացմամբ: 2021թ.-ից առ այսօր սովորում է Հայ-ռուսական համալսարանի ասպիրատուրայում՝ որպես հայցորդ (PHD): Թեև կրթական ու մասնագիտական որակները մերօրյա իրականության մեջ այս կամ այն գործով որոշում կայացնելու համար, ցավոք, առաջնային դեր չեն խաղում և դատավորներից ավելի շատ քաջություն, սկզբունքայնություն ու արդարադատությանը ծառայելու երդումին հավատարմություն են պահանջում, ինչի շնորհիվ արդարադատության նժարը ավելի ծանր դուրս կգա մեկ հոգու արտահայտած կամքից ու ցանկությունից։ Ամեն դեպքում, այս դատավորի մասին տեղեկությունների որոնումների ժամանակ մեր աչքից չվրիպեց դատավորի վարույթում հայտնված մի գործ, որը նորից առնչվում էր Մայր Աթոռին։ Պարզվում է, որ Սերժ Առուշանյանը՝ որպես Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, այս տարվա ապրիլին բավարարել է հանրային մասնակիցների բողոքը և պարտավորեցրել քննչական մարմիններին քրեական վարույթ նախաձեռնել և նախաքննություն իրականացնել 2025 թվականի դեկտեմբերին իբրև Հայ եկեղեցու բարեփոխումներին սատարող 10 տիրադավ եպիսկոպոսների կողմից Մայր տաճարի բակում կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրահրած գործողությունների ժամանակ իրենց աջակցող անձի կողմից, որը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն է, իրականացրած ենթադրյալ խուլիգանության առնչությամբ։

Հիշեցնենք, որ Թալինի համայնքապետը բարձրանալով Մայր Տաճարի սյան վրա, փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև Ամենայն Հայոց Հայրապետը։ Երբ նրան հավատացյալները խոչընդոտել էին տվյալ գործողությունը կատարելու, նա սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել հոգևորականների և հավատացյալների հասցեին։ Դեպքի կապակցությամբ ներկայացված հաղորդումը մերժվել էր քննչական մարմինների և դատախազության կողմից, որից հետո քննչական մարմնի դեմ հանրային բողոք էր ներկայացվել Արմավիրի մարզի դատարան, բողոքը մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին, որն էլ բավարարել էր բողոքը՝ արձանագրելով, որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ։

Դատարանն արձանագրել էր, որ մեղադրվող անձի արարքը առերևույթ հանցանքի հատկանիշներ է պարունակում, որին կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Դատարանը նաև ընդգծել է, որ գործողությունների կատարման վայրը՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքը, խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր։

Դատելով դատարանի տվյալ որոշումից՝ կարելի է հետևություն անել, որ Սերժ Ռուշանյանի համար մեղադրվող անձի պաշտոնն ու երկրի առաջին դեմքի հետ առնչությունը էական նշանակություն չունի որոշում կայացնելու համար, ուստի մնում է հուսալ, որ իրեն մակագրված՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված վեց եպիսկոպոսների գործով ևս անաչառ որոշում կկայացվի։

Թագուհի Ասլանյան

Send