Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով, Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես վաղօրոք հայտնել էր ԿԸՀ-ն, այսօրվանից՝ մայիսի 8-ից, մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերն այսօրվանից շրջելու են տարբեր համայնքներում, ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը, հիմնական նպատակները, գաղափարներն ու ռազմավարական ուղին։

Բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ այս պահին առաջատար են 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժը։

Ակնհայտ է նաև այն, որ հունիսի 7-ին ՀՀ-ում իշխանափոխության հասնելու ռեալ հնարավորությունն ունի միայն ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ը, և բնական է, որ գործող իշխանությունը գիտակցում է այս վտանգը։

Այս ամենին զուգահեռ՝ մենք պարբերաբար տեսնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ, գաղտնալսումներ է հրապարակում, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները զբաղվում են ընտրակաշառքով։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ օր օրի գնալով ավելի է թեժանալու իրավիճակը՝ հաշվի առնելով նաև քարոզարշավի մեկնարկելու հանգամանքը։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այս շրջանում օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու։ Նման ակնարկ արել է նաև ՔՊ պատգամավորներից մեկը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնելով՝ «Նոր գաղտնալսումների ձայն կլսեք»։

Ընդ որում, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գաղտնալսումներն արվել են վաղ, բայց կհրապարակվեն հիմա՝ քարոզչական նպատակով։

Ըստ էության՝ գործող իշխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված և հրապարակվելիք այս ձայնագրությունները ակտիվորեն օգտագործելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ թիրախավորելով նորաստեղծ կուսակցության վարկանիշը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն իսկ հրապարակված ձայնագրությունները գաղտնալսվել են դեռ 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում դրանք հրապարակել ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ, մնում է միայն ենթադրել։

Սակայն փաստ է, որ այս պահին գործող իշխանության հիմնական մրցակիցը ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է։ Նրանք բոլորով կատաղի պայքար են տանում հենց այս ուժի դեմ»։

 

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Մեր տեղեկություններով` տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել:

Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը:

Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ․ այն հանվեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա:

Send