Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին դիմում և՛ սահմանազատման ու սահմանագծման, և ատամները լվանալու հարցով

Blog Image

Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունենալու Կառավարության հերթական նիստը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, ամենայն հավանականությամբ նիստը կվարի փոխվարչապետներից մեկը։

Իհարկե կանխատեսելի է, որ Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ այդ նիստերը ոչ միայն զուրկ են լինելու հետաքրքրությունից, այլև տևելու են բավականին կարճ, ինչպես լինում է նման դեպքերում։

Բայց այլ հարց է, թե ով կամ ովքեր են Կառավարության անդամներից մասնակցելու լրագրողների հետ հարցուպատասխանին, կամ ընդհանրապես այդ ասուլիսը լինելու է, թե՝ ոչ։

Հավանաբար ոչ ոք չի մոռացել, որ ոչ վաղ անցյալում Կառավարության նիստերից հետո լրագրողները հնարավորություն էին ունենում մոտենալու տարբեր նախարարների կամ գերատեսչությունների ղեկավարների ու նրանց էին ուղղում ոչ միայն ընդհանուր քաղաքականությանը, այլև կոնկրետ ոլորտներին վերաբերող հարցեր։

Սակայն հետագայում Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ հենց ինքն է այն անձը, որն իրավասու է ու պետք է պատասխանի բոլոր հարցերի, սկսած հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացից, վերջացրած ատամները լվանալու ուղեցույցով։

Ու նման մոտեցումը լիովին համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությանը։ Եթե միայն ինքն է Կառավարությունը, ապա ո՞վ են մյուս նախարարները, որպեսզի իրավունք ունենան նիստերից հետո հանդիպել լրագրողներին։

Իհարկե զուտ լրագրողական տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր է հարցեր ուղղել անմիջապես պետության ղեկավարին, հատկապես, որ նա և՛ «կրքոտ հռետոր է», և՛ օժտված է «բեմական տաղանդով», և՛ կարողանում է ապահովելի շոույի մասը։

Բայց պատասխանելով բոլոր հարցերին ու բոլորի փոխարեն, Նիկոլ Փաշինյանը հանրության մոտ վարչապետի վերաբերյալ ընկալումներն իջեցնում է այն աստիճանի, որ օրինակ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիները մոտենում են պետության ղեկավարին ու դիմում հարցերի այնպիսի բազմաշերտությամբ, որոնք կարող են սկսվել Տիգրանաշենի հանձնումից, անցնել Սահմանադրական փոփոխությանը ու վերջանան «երեխայի պուպուլի» խնդրով։

Send