Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում կարգավորումը, որում անդրադարձ է կատարված բուլինգի և սովորողների միջև բռնությանը։
Պահանջները սահմանված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշներով»։ Հրամանը պաշտոնապես հրապարակվել է 2026 թվականի ապրիլի 14-ին և ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից։
28-րդ կետի 7-րդ ենթակետով տնօրենը պետք է ապահովի մեծահասակների շարունակական և նպատակային վերահսկողությունը դպրոցի բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներում, մասնավորապես՝ խաղահրապարակում, սանհանգույցներում, միջանցքներում, ճաշարանում, բակում, նկուղում և նմանատիպ այլ հատվածներում։
Կարգավորման համաձայն՝ տնօրենը պետք է ապահովի հրամանի պահանջների իրականացումը և դրանց կատարման մշտադիտարկումը, կազմակերպի և վերահսկի դպրոցի ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները, նաև համակարգի սովորողի պաշտպանության թիմի գործունեությունը և ապահովի դրա արդյունավետ աշխատանքը։
Նույն կետով տնօրենը պետք է ձևավորի դրական, անվտանգ և ներառական դպրոցական մշակույթ, սահմանի և կիրառի կանոններ ու ընթացակարգեր՝ ուղղված սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ բուլինգի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և արձագանքմանը, և ապահովի անձնակազմի շարունակական մասնագիտական զարգացումը սովորողների պաշտպանության, հոգեկան առողջության և անվտանգ միջավայրի ձևավորման թեմաներով։
8-րդ ենթակետի համաձայն՝ տնօրենը պետք է ապահովի բռնության կամ բուլինգի ենթարկված սովորողների համալիր աջակցությունը՝ հոգեբանական, սոցիալական և կրթական ծառայությունների միջոցով։ Ըստ 9-րդ ենթակետի՝ պարտականությունը տարածվում է նաև մյուս կողմի վրա. տնօրենը կազմակերպում է միջոցառումներ բռնության մեջ ներգրավված սովորողների վարքագծի փոփոխման և վերականգնողական աջակցության ուղղությամբ՝ պահպանելով սովորողի լավագույն շահի սկզբունքը։ 10-րդ ենթակետով ուսումնական տարվա ընթացքում, առնվազն կիսամյակային պարբերականությամբ, տնօրենը մանկավարժական խորհրդին ներկայացնում է հաշվետվություն սովորողների պաշտպանության, անվտանգության և իրականացված միջամտությունների վերաբերյալ։
26-րդ կետի համաձայն՝ դպրոցում ձևավորվում է սովորողի պաշտպանության թիմ, որի կազմում ընդգրկվում են տնօրենը կամ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը, վարչատնտեսական համակարգողը, դասղեկը կամ ուսուցիչը, հոգեբանը, ծնողական խորհրդի ներկայացուցիչը և աշակերտական խորհրդի ներկայացուցիչը։ Վարչատնտեսական համակարգողն ապահովում է ենթակառուցվածքային և տեխնիկական անվտանգությունը, վերահսկում շենքային պայմանների տեխնիկական վիճակը, ապահովում տարհանման պլանների և նշանների արդիականացումը, կազմակերպում մշտական հսկողություն մարդաշատ և ռիսկային հատվածներում և ձեռնարկում միջոցներ անծանոթ կամ կասկածելի անձանց մուտքը կանխելու և վերահսկելու համար։
Չափանիշների վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններին, պահանջները կիրառվում են սովորողների, աշխատակիցների, ծնողների և դպրոց մուտք գործող այլ անձանց հետ փոխհարաբերություններում։
Հրամանի 4-րդ կետով անվտանգության միջոցառումների իրականացումը պետք է լինի թափանցիկ, հաշվետվողական և շարունակական մշտադիտարկման ենթակա։

Русский