Եղեգնաձորում վաղ առավոտյան բերման են ենթարկվել գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 թեկնածու:
MediaHub-ի տեղեկություններով՝ վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են նրանց տներ, ապա նրանց տեղափոխել Հակակոռուպցիոն կոմիտե։
«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- MediaHub-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Եղեգնաձոր խոշորացված համայնքում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանի գլխավոր մրցակիցը «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Հարությունյանն է։

Русский