«Հրապարակ»․ թերթը գրում է․
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո անհայտ մարդիկ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում, Գոշ գյուղ տանող խաչմերուկից ոչ հեռու, չգործող երկաթգծի բետոնե հենասյան վրա կարմիր ներկով գրել էին «Նիկոլաշեն»։
Թեեւ Իջեւան քաղաքը, որտեղ ծնվել է Նիկոլ Փաշինյանը, այդտեղից մոտ 15 կմ հեռու է, բայց գրողները հենց Փաշինյանի ծննդավայր Իջեւանն էին «անվանափոխել» նրա անունով։ Սակայն 2020թ․ աղետալի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո անհայտ անձինք այդ գրառումը ջնջեցին, նույն տեղում գրեցին՝ Հայաշեն։ Սույն գրառումը հիմա էլ կա` տեսանելի է միջպետական ճանապարհով անցնողներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ի՞նչ է այսօր սպասվում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին. «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ նրա վերաբերյալ գործընթաց է մեկնարկում
Այսօր՝ ժամը 10:00-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Այս քրեական վարույթով նա բազմիցս հարցաքննվել է, սակայն չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն, ու ավելին՝ խափանման միջոցի միջնորդություն ներկայացվի դատարան նրան կալանավորելու համար:
Դե իսկ Արցախի ներկայացուցչության շենքը արդեն կխլեն արցախցիների ձեռքից՝ նրան նաեւ այդտեղից դուրս հանելով»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ն, կարելի է ասել, ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը, նախարարներից, պատգամավորներից սկսած, վերջացրած համայնքապետերով, ավագանու անդամներով, շարքայիններով։ Հավանաբար, հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը՝ իրենց էլեկտորատին ուղղված: Գաղտնիք չէ, որ «Տիկտոկ»-ում գերակշռում են մակերեսային նյութերը, եւ օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են ՖԲ օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը:
Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է «Տիկտոկ»-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Ֆեյսբուքում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են քոմենթների դաշտը։
Ուրիշ երկրում ոլորտային նախարարին, օրինակ` առողջապահության նախարարին, կպատժեին իր գործառույթներից դուրս գործով զբաղվելու եւ քաղաքական գործունեության համար, բայց մեզանում հակառակն է: ՔՊ ակտիվիստներն էժան ու անճաշակ հոլովակներ են նկարում` ռոմանտիկ երաժշտության տակ բարի լույս մաղթում իրենց հետեւորդներին, քայլում Երեւանի փողոցներով, իրենց առօրյայից տեսանյութեր հրապարակում։

Русский