Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 326 մրցաշարին ներկայացել է ձեռնաշղթաներով։ Նա ցուցադրաբար ընդգծել է այդ փաստը՝ ոտքի կանգնելով դահլիճի իր տեղում։
Ամենայն հավանականությամբ, այս ժեստով Ծառուկյանը յուրօրինակ ուղերձ է հղել Դանա Ուայթին և փաստացի զղջացել իր վերջին արարքների համար, որոնց պատճառով, ըստ շրջանառվող լուրերի, զրկվել էր տիտղոսային մենամարտի հնարավորությունից։ Խոսքը, մասնավորապես, Դեն Հուկերին գլխով հարվածելու և Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից վնասվածքի պատճառով չմասնակցելու մասին է։
Նշենք, որ խառը մենամարտերում Ծառուկյանի ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերի 22-ին, նա խեղդող հնարքով պարտության էր մատնել նույն Դեն Հուկերին։
Հիշեցնենք նաև, որ UFC 326 մրցաշարի գլխավոր իրադարձությունը BMF տիտղոսի համար մենամարտն էր, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Չարլզ Օլիվեյրան և Մաքս Հոլոուեյը։ Հինգ ռաունդ տևած պայքարում մրցավարների միաձայն որոշմամբ (50-45, 50-45, 50-45) հաղթանակ տարավ Օլիվեյրան։
Աղբյուրը՝ Armsport.am:

Русский