«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում չափազանց ակնհայտ է գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի որոշակի պասիվությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։ Ավելին, Փաշինյանը մասնակցում է պատարագների, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չեն զեղչում, թեպետ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե իր համար դա սկզբունքային հարց է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի այս «պաուզայի» գործում բավականին մեծ է եղել ոչ միայն նախընտրական «տրամաբանությունը», այլ նաև IRI-ի՝ օրերս հրապարակած հարցումը, որի արդյունքներին փաշինյանական իշխանությունն ավելի վաղ էր ծանոթացել։ Մասնավորապես, 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման արդյունքներով հարցվածների 61 տոկոսը գոհունակություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուց։ Ընդ որում, 2025 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 58 տոկոս։ Սա վկայում է, որ գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավը, հոգևորականների դեմ իրավապահ «գործիքակազմի» կիրառումն ու այլ ճնշումները Փաշինյանի ցանկալի արդյունքները չեն տալիս, նույնիսկ՝ ընդհակառակը։
Մեր ունեցած տեղեկություններով, սա չի նշանակում, որ Փաշինյանը դադարեցրել է հակաեկեղեցական արշավը: Հակառակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա անցել են «տակից» գործելուն, մասնավորաբար ՀԱԵ ֆինանսական շարժերին հետևելով, «կեղտեր» գտնելով, մի խոսքով, շոշափելի «դոսյեներ» հավաքելով, որպեսզի պետք եղած ժամանակ նոր ուժով հարձակվեն Եկեղեցու վրա։
«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցում իբր նախապես չպլանավորված դրվագ կար՝ Գյումրիում շրջելիս նա «հանկարծ» հանդիպեց երիտասարդ երաժիշտների խմբի, որոնք ներկայացան «Չամիչով բուլկի» անունով։ Նկատենք, որ իշխանության քարոզիչները Նարեկ Կարապետյանին են «չամիչով բուլկի» ասում՝ գուցե խմբի անունն էլ այդ հեգնանքից է ծնվել։ Վարչապետն առանց առարկելու, անմիջապես համաձայնեց այցելել նրանց ստուդիա, ոչ միայն լսեց նրանց կատարումը, այլեւ միացավ խմբին՝ համատեղ կատարելով ՔՊ-ի հիմն դարձած «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը։
Ապա առաջարկեց, որ խումբը համագործակցի իր ղեկավարած «Վարչաբենդի» հետ, եւ միասին ելույթ ունենան առաջիկայում։ Մենք հետաքրքրվեցինք, թե երբ եւ ինչպես է ստեղծվել «Չամիչով բուլկի» խումբը։ Պարզվում է՝ խմբի հիմնադիրը My Lead Time երիտասարդական ՀԿ-ի եւ EthnoRhythm (Էթնոռիթմ) ծրագրի հիմնադիր, երաժիշտ Ժիրայր Մարտիրոսյանն է։ EthnoRhythm ծրագիրը ֆինանսավորվում է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Խումբը բավական նոր է՝ գոյություն ունի ընդամենը շուրջ 8-9 ամիս, բաղկացած է 4-5 երիտասարդ երաժիշտներից։ Հիմնականում հանդես է գալիս ռեստորաններում։ Նրանց հաճախ կարելի է տեսնել հատկապես «Պոլոզ Մուկուչ» ռեստորանային համալիրում։ Ժիրայր Մարտիրոսյանի նախաձեռնությամբ վերջերս բացվել է My Lead Time երաժշտական դպրոցը, որտեղ երիտասարդներին եւ պատանիներին երաժշտական տարբեր գործիքներ՝ հիմնականում կիթառ եւ հարվածային գործիքներ նվագել են սովորեցնում։

Русский