Հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիային միացած երկրների 17-րդ համագումարը՝ COP17-ը։
Այս միջոցառման հետ կապված կարծիքները իրարամերժ են։ Իշխանություններն այն համարում են նախադեպը չունեցող ու չափազանց կարևոր իրադարձություն՝ ընդհուպ այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Երևանում վերաբացվող փողոցներից մեկն անվանել COP17: Մի մասն էլ կարևորություն չի տալիս COP17-ին, ծախսերը համարում է անարդյունավետ՝ հիմնավորելով, որ ՄԱԿ-ն այլևս չունի իր երբեմնի նշանակությունն ու ազդեցությունը։
Այս երկու մոտեցումներն էլ որոշ առումով միաժամանակ և՛ ճիշտ են, և՛ սխալ։ Նախ՝ ՄԱԿ-ը դեռևս հանդիսանում է կարևոր հարթակ միջազգային հարաբերություններում։ Նույնիսկ եթե ՄԱԿ-ը կորցրած լինի իր նախկին դերակատարման ամբողջական ծավալի մի մասը, այնուամենայնիվ, այս պահին չկա այլընտրանքային այնպիսի կառույց, որը մի տանիքի տակ կմիավորի միջազգային հանրությանը, համաշխարհային լեգիտիմություն կհաղորդի պետություններին՝ չհաշված ՄԱԿ-ի այլ գործառույթները, որոնք ուղղված են մարդասիրական, բնապահպանական ու այլ ոլորտներին։ Չմոռանանք, որ առ այս պահը ցանկացած պետություն լիարժեքորեն համարվում է անկախ, երբ նրա սուվերենությունը ճանաչվում է ՄԱԿ-ի կամ երկու-երեք գերտերությունների կողմից։ Իսկ քանի դեռ չկա ՄԱԿ-ին փոխարինող ու նրա կարողություններին հավասար մեկ այլ կառույց, նշանակում է՝ ՄԱԿ-ն ունի միջազգային կարևոր դերակատարում։
Բացի այդ, չպետք է մոռանալ այն փաստը, թե ով է ՄԱԿ-ի հասցեին հանդես գալիս քննադատությամբ ու ով է կասկածի տակ դնում նրա նշանակությունը։ Հայտնի խոսք կա. «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»։ Օրինակ՝ Դոնալդ Թրամփը հաճախ է հանդես գալիս ՄԱԿ-ի հասցեին տարբեր գնահատականներով, սակայն արդյո՞ք մենք մեր տնտեսական, ռազմական ու այլ հնարավորություններով այնքան ինքնաբավ ենք, որ կարող ենք երբևէ չապավինել ՄԱԿ-ի աջակցությանն ու հետևել Թրամփի օրինակին։ Բայց պետք է հաշվի առնել մի էական հանգամանք. Թրամփի կողմից հնչեցվող քննադատություններին զուգահեռ՝ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու չի դադարեցնում իր անդամակցությունն այդ կառույցին։
Ինչ վերաբերում է COP17-ի կարևորությանը, ապա դա կախված է ոչ այնքան կամ ոչ միայն բուն միջոցառումից, այլ ՀՀ իշխանություններից։ COP17-ի անցկացումը որքան էլ նշանակալի լինի, ամեն դեպքում դրա հետագա օգուտները մեծապես կախված են ճիշտ ռեալիզացումից։ Եթե Հայաստանի իշխանություններն ունակ լինեն վարելու գրագետ ու հետևողական քաղաքականություն, ապա Հայաստանը հնարավորություն կունենա ձեռք բերելու միջազգային նոր գործընկերներ՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով: Հարկ է նշել, որ միջազգային հուսալի գործընկերությունը երկրի անվտանգության բաղադրիչներից մեկն է։ Իսկ եթե իշխանություններն իրենց սովորության համաձայն բավարարվեն միայն ներքին լսարանին ուղղված PR-ով փիառով, ապա COP17-ը կստանա ընդամենը շոուի բնույթ։ Շատ մարդ կգա, փողոցներում եռուզեռը կավելանա, հետո բոլորը կգնան իրենց տները, ու մենք կմնանք մեր կոտրած տաշտակի առաջ։
Կարեն Կարապետյան

Русский