Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իրանում պատերազմի հետևանքով չի բացառվում, որ Հայաստանում բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը

Blog Image

Տնտեսագետներն ահազանգում են՝ ընդդեմ Իրանի ընթացող ամերիկաիսրայելական հակամարտության շարունակականության պայմաններում Հայաստանի տնտեսությունը կարող է բացասական ազդեցություն կրել, քանի որ մեր պետությունը նաև տնտեսական սերտ համագործակցություն ունի Իրանի հետ: 

Մասնավորապես, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ռազմական գործողությունների ազդեցությունն արդեն իսկ տեսանելի է ՀՀ տնտեսության վրա: Հարևան երկրում ցանկացած պատերազմ սպառնալիք է և՛ ազգային անվտանգության և՛ տնտեսական ազդեցության տեսանկյունից: Տնտեսական առումով Իրանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, թեև ավելի հաճախ Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերությունների մասին ենք խոսում: 

Այնինչ, եթե մենք ՌԴ-ի հետ անմիջական սահման չունենք, ապա Իրանի հետ սահմանակից հարևաններ ենք, և երկու պետությունների տնտեսական հարաբերություններն այս առումով ավելի մեծ ներուժ ունեն:

Իրանի հետ մենք էներգետիկ համատեղ ենթակառուցվածքներ ունենք, և դրանք կարող են վնասվել պատերազմի հետևանքով: Թեև երեկ Հայաստանում Իրանի դեսպանը հույս հայտնեց, որ էներգետիկ ենթակառուցվածքները ագրեսիայի ազդեցությամբ չեն վնասվի, սակայն տնտեսագետն այդքան լավատես չէ.  «Հայաստանի նման կոմպակտ տնտեսություն ունեցող պետության համար այդ ենթակառուցվածքները կենսական են: Սա Իրանի հետ տնտեսական համագործակցության ամենակարևոր ոլորտն է, որն այս պահին մեծ վտանգի տակ է և ոչ միայն էներգետիկ արտահանման ու ներմուծման առումով: Հայաստանի և Իրանի էներգետիկները տասնամյակներով համագործակցության բավականին լուրջ ավանդույթներ ունեն»:

Անդրադառնալով Իրանում նավթի գների կտրուկ բարձրացմանը և դրա ազդեցությամբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կամ նավթամթերքի գների վերանայման հավանականությանը՝ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ քիչ հավանական է դա համարում, քանի որ մենք ունենք այլընտրանքային աղբյուրներ: 

Բայց ավելի երկարատև հեռանկարում նա չի բացառում նաև այդպիսի զարգացումները Հայաստանի էներգետիկ համակարգի համար, եթե պատերազմը տևական լինի: Իսկ Իրանից ներկրվող նավթամթերքի տեսակարար կշիռը մեծ չէ մանավանդ հիմա, երբ այլ երկրներից ևս ներկրումներ ունենք: Այդուհանդերձ, գնագոյացման առումով այդ ծավալներն անգամ կարող են որոշակի դեր խաղալ նավթամթերքի շուկայի վրա: 

Տնտեսվարողները, որոնք Իրանով դեպի արտաքին աշխարհ են արտահանում իրենց ապրանքները, տնտեսագետի կարծիքով, կարող են վնասներ կրել: Իրանով ճանապարհների փակման դեպքում որպես այլընտրանք է մնում Վրաստանով անցնող ճանապարհը, որը խնդրահարույց է՝ բեռնատարները շաբաթներով չեն կարողանում անցնել ճանապարհը: Եվ հայ տնտեսվարողները բազմաթիվ խնդիրների կարող են առնչվել: 

Տնտեսագետը կանխատեսում է՝ անգամ եթե պատերազմը երկարատև չլինի, երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի Իրանի տնտեսությունն ապաքինվի պատերազմի վնասներից: Մինչև ապաքինումը Հայաստանի տնտեսությունը ևս կզգա այդ վնասների ազդեցությունը՝ էներգետիկ անվտանգությունից մինչև ժողովրդագրական լուրջ խնդիրների հաղթահարում: Թեև երեկ հրավիրված մամլո ասուլիսին Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնեց, թե չնայած պատերազմական գործողությունների ահագնացմանն ու խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստներին՝ Իրանի քաղաքացիները չեն շտապում լքել երկիրը իբրև փախստականներ, այլ հակառակը՝ այլ երկրներից վերադառնում են իրենց բնակավայրեր, Թաթուլ Մանասերյանն այլ տեղեկություններ հայտնեց, որ արդեն իսկ մարդկային հոսք է նկատվում Իրանից դեպի Հայաստան, և եկողները հենց Իրանի քաղաքացիներ են: 

Նա կարծում է, որ առաջիկա օրերին իրանցի փախստականների հոսքն ավելի կաշխուժանա, եթե իհարկե Իրանը բացի սահմաններն իր քաղաքացիների համար և թույլ տա, որպեսզի նրանք լքեն երկիրը: Նա իր մտահոգությունը հայտնեց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ընդունել մեծ թվով փախստականների, մանավանդ եթե նրանք ցանկանան մնալ այստեղ: Եթե նրանք հայկական համայնքի ներկայացուցիչները լինեն՝ մեր հայրենակիցները, լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց եթե լինեն իրանցիներ, ապա Հայաստանը ժողովրդագրական սպառնալիքների առջև կհայտնվի, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն արդեն լուրջ ժողովրդագրական խնդիրներ ունի և դասվում է ծերացած, եթե ոչ վերացող պետությունների շարքին. արտագաղթն աննախադեպ աճել է, ծնելիությունը նվազել, մեծացել է նաև վաղ մահացությունների թիվը:

Մեզ համար նման պայմաններում այլադավան և այլ մշակույթ կրող քաղաքացիների երկարատև, իսկ գուցե նաև մշտական բնակությունը ցանկալի չէ: Քանի որ իրանցի շատ ընտանիքների համար Իրանն այլևս անվտանգ երկիր չի դիտարկվելու, չի բացառվում, որ նրանք որոշեն փոխել իրենց ապրելու վայրը և տեղափոխվեն Հայաստան: 

Մյուս կողմից էլ փախստականների ներկայությունը կարող է հանգեցնել մեր շուկայում կտրուկ գնաճի, արտարժույթի արժևորման, ինչպես որ դա եղավ ժամանակին ռուսաստանցի ռելոկանտների ժամանումով: Ինչն էլ ավելի կսրի մեզանում սոցիալական խնդիրները:

Թագուհի Ասլանյան

Send