«Հրապարակ» թերթը գրում է.
«Քրիստինա Թաթարյանը եւս, ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելուց առաջ, ինչպես բոլոր կադրերը, ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել: Մեր աղբյուրն ասում է, որ բացահայտվել են շահերի բախման պոտենցիալ փաստեր։ Նրա քույրը՝ Սոնյա Թաթարյանը, վերլուծաբան է աշխատում ամերիկյան Black Rock ընկերության ստորաբաժնում, որը պատասխանատու է ինստիտուցիոնալ հաճախորդների հետ փոխգործակցության համար։
ԱԱԾ-ն մատնանշել է Black Rock-ի ներգրավվածությունը TRIPP նախագծում եւ Թաթարյան ընտանիքի միջոցով կառավարությունում օտարերկրյա շահերի հնարավոր լոբբինգը։ Նաեւ շեշտել է այն, որ Ք․ Թաթարյանի ամուսինը՝ Տիգրան Գասպարյանը, զբաղեցնում է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։
Բացի այդ, Ք. Թաթարյանի հայրը՝ Արման Թաթարյանը, Ուկրաինայում խոշոր գործարար է՝ մի քանի ընկերության սեփականատեր, ինչպիսիք են «Առնո սպորտը», «Դետատը», «Բիզնես Հաուզ Ուկրաինան», «Ռեմա Ուկրաինան» եւ «Բիոպրո Ուկրաինան»։ Ընդ որում, «Առնո սպորտն» ուկրաինական Delta Sport խանութների ցանցի օպերատորն է։
Զեկույցում ԱԱԾ-ն մատնանշել է ԿԳՄՍՆ-ի կողմից սպորտային ապրանքների գնման ժամանակ կոռուպցիոն սխեմաների առաջացման հնարավոր ռիսկերը։ Նաեւ նախազգուշացրել են, որ Թաթարյան ընտանիքի աջակցությունն Ուկրաինայի դիրքորոշմանը` Ռուսաստանի հետ պատերազմում, կարող է դառնալ Մոսկվայի կողմից ճնշման հերթական առիթ։ Սակայն այս զգուշացումները դեր չեն խաղացել՝ նա նշանակվել է փոխնախարարի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների նկատմամբ ևս քրեական հետապնդում իրականացնելու հարցը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել այն միջադեպը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» մի շարք պատգամավորների օգնականներ փորձել են մուտք գործել Ազգային ժողովի նիստերի դահլիճ և, ըստ իշխանական կողմի ներկայացրած վարկածի, չեն ենթարկվել ՊՊԾ աշխատակիցների պահանջներին։
Մասնավորապես, իշխանական շրջանակներում պնդում են, թե օգնականները ՊՊԾ ծառայողներին հրել են՝ փորձելով անցնել և մուտք գործել դահլիճ։ Այժմ ուսումնասիրվում է տեղի ունեցածը՝ պարզելու համար՝ արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական պատասխանատվություն առաջացնող արարքի հատկանիշներ։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը տրամադրված է այս միջադեպը չսահմանափակել միայն խորհրդարանի ներսում կարգապահական կամ վարչական քննարկումներով ու պատժամիջոցներով։
Փաստորեն, թիրախում կարող են հայտնվել ոչ միայն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները, այլև նրանց աշխատակազմի անդամները։
Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ օգնականների նկատմամբ քրեական հետապնդման հարցը այս պահին դեռ քննարկման փուլում է, և իրավական վերջնական գնահատականը պետք է տրվի իրավապահ մարմինների կողմից՝ միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրությունից հետո։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը նախօրեին գրել էր, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից մեզ փոխանցել էին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։
Ի՞նչ է ստացվում. ընդդիմադիրների ելույթից հետո ՔՊ խմբակցության քարտուղարը ռեպլիկ է անում, Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը տեղից վեր է կենում ու ծեծկռտուք հրահրում, սակայն իշխանությունը քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին, նաև նրանց օգնականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Русский