Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում թթվային թունավոր անձրևներ արձանագրվե՞լ են

Blog Image

Անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տարածված «թթվային թունավոր անձրևների հետ» կապված որոշ հրապարակումներին՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ իրականացնում է Ամբերդի դիտակայանում։

Միաժամանակ, մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։

«Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։

Հավելենք նաև, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան»,– ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ կառույցի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի։

«Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը»,– եզրափակվում է հաղորդագրությունը։

Send