Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բաքվի զանգը վճռորոշ եղա՞վ. ինչո՞ւ Իսրայելը չճանաչեց Հայոց ցեղաս պանությունը

Blog Image

Հունիսի 28-ին տեղեկություններ տարածվեցին, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որը պետք է ներկայացվեր Քնեսեթի քննարկմանը։ Սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ գործընթացը հետաձգվել է։

Ադրբեջանական հարթակները պնդում են, թե որոշման փոփոխությանը նախորդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հեռախոսազանգը Իսրայելի իշխանություններին։ Պաշտոնական հիմնավորումը, սակայն, վերաբերում էր տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և Իրանի հետ հրադադարի շուրջ ստեղծված լարվածությանը։ Թե որքանով կարող էր մեկ հեռախոսազանգը փոխել Իսրայելի դիրքորոշումը, քաղաքագետ Հակոբ Բադալյանը գնահատում է բավականին վերապահումով։ Նրա համոզմամբ՝ դժվար է պատկերացնել, որ Իսրայելի նման պետության քաղաքական որոշումները կարող էին պայմանավորված լինել բացառապես Ալիևի վարչակազմից ստացված զանգով։

«Վստահ չեմ, որ Իսրայելը այն պետությունն է, որի դիրքորոշումը կփոխի Ալիևի հեռախոսազանգը։ Այստեղ պետք է հասկանալ՝ արդյոք ցեղասպանության ընդունման որոշում եղել է, թե ոչ, և եթե եղել է, ապա ոչ թե Ալիևի զանգով փոխվեց որոշումը, այլ հենց սկզբից Իսրայելը այդ հարցը մեջտեղ էր բերել քաղաքական սակարկությունների համար։ Հնարավոր է, որ Ալիևն ընդամենը եղել է այդ սակարկությունների միջնորդ։ Իսրայելում նախընտրական փուլ է սկսվում, և հնարավոր է՝ դա էլ իր հերթին իր ազդեցությունն է թողնում։ Հիմա այնտեղ ավելի շատ զբաղված են ներքաղաքական պայքարով, և, բնականաբար, ընդդիմությունը փորձում է օգտագործել ընտրական գործընթացը Նեթանյահուին իշխանությունից հեռացնելու համար։ Եթե անգամ Ալիևն այս գործընթացում ներգրավվել է, ապա ամենայն հավանականությամբ՝ որպես ինչ-որ սակարկության միջնորդ», - MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Բադալյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը դժվար թե էական ազդեցություն ունենա Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա։ Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այս հարաբերությունների առանցքային բաղադրիչ չէ, իսկ երկու երկրների օրակարգը ձևավորվում է բոլորովին այլ ռազմաքաղաքական իրողություններով։

«Կարծում եմ՝ այս ուղերձը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Հայ-իսրայելական հարաբերություններում իրավիճակը բոլորովին այլ է, և ցեղասպանության հարցն այստեղ մեջտեղ բերելը կամ չբերելը, կարծում եմ, էական բան չի փոխելու։ Մենք տեսանք պաշտոնական Երևանի արձագանքը, որը բացահայտ հայտարարեց, որ այս քայլը ենթադրում է Հայոց ցեղասպանությունը որպես զենք այլոց դեմ օգտագործել։ Կարծում եմ՝ հայ-իսրայելական հարաբերություններն այս իրավիճակում շատ ավելի մեծ ազդեցության տակ չեն լինի՝ դրական կամ բացասական առումով», - նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ դրա չկայանալը՝ քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանի համար գործնական առումով մեծ փոփոխություններ դժվար թե լինեն։ Նրա խոսքով՝ շատ ավելի կարևոր է հասկանալ այն քաղաքական շարժառիթները, որոնցով տարբեր պետություններ շահարկում են ցեղասպանության թեման։

«Հայաստանի համար, ըստ էության, քիչ բան էր փոխվելու։ Հայոց ցեղասպանության ընդունման հարցի խաղարկումը Հայաստանի համար շատ ավելի մտորելու տեղիք տվող հանգամանք է, քան ոգևորվելու։ Մենք գիտենք Իսրայելի շահերն ու մոտիվները. Իսրայելն այս տարածաշրջանը դիտարկում է որպես պլացդարմ Իրանի դեմ։ Այս պայմաններում Հայաստանն առանձնապես ոգևորվելու բան չունի իսրայելական հաշվարկներում», - եզրափակեց խոսքը Հակոբ Բադալյանը։

Ալիտա Եղիազարյան

Send