Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից, Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ է ձեւավորվել․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Իրավունք» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ընդունել է ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին եւ բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու եւ մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։

Ավելին՝ այնքան բարձր է գնահատել սպորտսմենի ներդրումը, որ ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի` անգամ պատրաստվում է նրան ներառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:

Ի դեպ, ակամայից հիշեցինք, որ տարիներ առաջ եւս նմանատիպ լուրեր էին շրջանառվում: Ըստ օդում կախված տեղեկության` այն ժամանակ Ավդալյանը մերժել էր որեւիցե կուսակցության ցուցակ մտնելու առաջարկը: Իսկ թե այս անգամ ինչ որոշում կկայացնի մարզիկը, դեռ պարզ չէ:

Միայն ակնհայտ է այն, որ նա սիրով սեղմում է Փաշինյանի ձեռքը եւ, ըստ էության, ունի մեծ հնարավորություն` պատգամավոր դառնալու»։

 

«Հրապարակ»․ թերթը գրում է․

Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղոր­դագրություն է տարածել. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)»։ Կից լուսանկարից երեւում է, որ պատվիրակության կազմում են նաեւ ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը:

Ի դեպ, այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում` հավանաբար, արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել, միմյանց միջեւ կոնտակտ է ստեղծվել: Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել․ ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը: Թե ինչ են նստում այս վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում:

Մենք նկատեցինք նաեւ, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որեւէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, չի ընտրվել որպես պատգամավորության թեկնածու:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ վարչությունը նրան մերժել է. միաձայն գրեթե 20 հոգանոց վարչությունում ընդամենը 3-4 հոգի է կողմ քվեարկել նրա թեկնածությանը։

Մերժման պատճառները, սակայն, շատ ավելի խորքային են։ Սարգսյանը լուրջ հակասությունների մեջ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ նրան մեղադրելով կոռուպցիոն հակումների ունենալու համար, նշելով, որ նա հովանավորում է խաղատնային բիզնեսները։ Բացի դրանից, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանն ու նրա եղբայր Նաիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնելու Տիգրան Ավինյանի տեղը՝ Երեւանում առաջիկա քաղաքապետի ընտրությունների համատեքստում։

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած փոխադարձ սառը հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը կոալիցիա են կազմել, որպեսզի կասեցնեն Հայկ Սարգսյանի առաջընթացը ՔՊ-ում։

Արդյունքում, մարդը, որը հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին էր՝ բառացիորեն «ջրի շիշը բռնողը», այսօր մերժված է հարազատ կուսակցության կողմից։ Այս տարվա գարնանն էլ Ալեն Սիմոնյանի «ջանքերով» նա կուսակցական նկատողություն էր ստացել

ՔՊ-ում քննարկել են, թե Հայկ Սարգսյանը եւ եղբայր Նաիրի Սարգսյանը, որը քաղաքային հարցերով բլոգեր է դարձել, մտադիր էին Երեւանի առաջիկա քաղաքապետի ընտրություններում դառնալ ՔՊ-ի թեկնածուն, դրա համար նրանց ընթացքը կասեցվել է՝ մրցակցային տրամաբանությունից ելնելով»։

Send