ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Մ․-ն տևական ժամանակ համակարգչային հափշատկություններ իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով ՀՀ և օտարերկրյա մի խումբ այլ քաղաքացիների հետ, 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է անդրազգային հանցավոր կազմակերպությանը, որի ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 50-ից ավելի անդամների, վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ՝ ուղղորդելով քայլերի հաջորդականությունը:
Հանցավոր կազմակերպության անդամները հանդես գալով իբր իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու, ներկայանալով տարբեր կեղծանուններով՝ վարձակալված տարածքներից կատարել են իրենց դիտավորության մեջ ընդգրկված համակարգչային հաշտակություններ։
Նախաքննությամբ հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 2 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։
Ա․Մ․-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող 29 մլն 491 հզր ՀՀ դրամ գումար և մեծ թվով ոսկյա զարդեր, որոնց հետագա բռնագրավման հարցին կանդրադառնա դատարանն իր եզրափակիչ դատավարական ակտով:
Ա․Մ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
ՀՀ ՔԿ

Русский