Երեկ՝ հուլիսի 9-ին, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, թեև նրա փաստաբանը միջնորդության քննության ժամանակ դատարանին հայտնել էր, որ Արեգնազ Մանուկյանի խնամքին անչափահաս երեխա կա։
Սովորաբար դատարանը հաշվի է առնում այդ հանգամանքը՝ խափանման միջոցներից ամենածանրը չկիրառելու համար։
Բայց մեր դատական համակարգում վերջին տարիներին իրականությունն այնպիսին է, որ դեռահաս երեխայի առկայությունը դատավորներին հետ չի պահում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումից։
Օրինակների պակաս մենք չունենք։ Անգամ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, չի կարողացել խուսափել դրանից։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականին «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը երկու ամսով կալանավորվել էր Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած կոռուպցիոն չարաշահումների և հանցագործությանն օժանդակելու մեղադրանքով՝ չնայած այն հանգամանքին, որ խնամքին անչափահաս երեխա ուներ։ ՔՊ-ական պատգամավորներն այդ ժամանակ անընդունելի էին համարել այն երևույթը, որ մանկահասակ երեխա ունեցող մայրը կարող է մեկուսացվել երեխայից, և խմբակցության փակ նիստ գումարելով՝ որոշում էին ընդունել դատարանին երաշխավորագիր ներկայացնել Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու նպատակով։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության այն ժամանակվա ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, թե խմբակցությունը նման որոշում է կայացրել ոչ թե Ալեն Սիմոնյանի անձով, այլ մանկահասակ երեխա ունեցող կանանց նկատմամբ կալանք կիրառելու անթույլատրելիությամբ պայմանավորված․ «Կանանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք․․․»։
Տասն օր անց դատախազությունը փոխել էր իր միջնորդությունը, և Անի Գևորգյանին ու նրա հետ կալանավորված մյուս կնոջն ազատ էին արձակել։
Մանկահասակ երեխա ունեցող և մեղադրյալի կարգավիճակում գտնվող կանանց հանդեպ խափանման ամենախիստ միջոցի կիրառումն անընդունելի էր նաև ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի համար, որը կառավարության հետ հարցուպատասխաններից մեկի ժամանակ այդ հարցը բարձրացրել էր ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանի առաջ՝ օրինակ բերելով թե՛ Անի Գևորգյանի, թե՛ հասարակական գործիչ Տաթև Արցախի դեպքերը։
«Կան որոշ դեպքեր, երբ կալանքը՝ որպես խափանման միջոց, ուղղակի անհասկանալի է։ Ես՝ որպես երկու տարեկան երեխայի մայր, սարսափած եմ վերջերս տեղի ունեցած մի շարք դրվագներով, որոնք ոչ միայն վերաբերում են «Սիներջի» ընկերության աշխատակիցներից երկուսին, այլև մինչ այդ էլ իմացա, որ վերջերս Տաթև Արցախցու նկատմամբ կրկին կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ կա անչափահաս երեխա։ Ես ուզում եմ լսել Ձեր դիրքորոշումը. եկեք միասին մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք այս խնդրի դեմն առնել»,- Կարեն Անդրեասյանին էր դիմել պատգամավորը։
Այս դեպքում կարևոր չէ Կարեն Անդրեասյանի պատասխանը, հատկապես, որ նա վաղուց այլևս որևէ պաշտոն չի զբաղեցնում իշխանական համակարգում։ Ուշագրավն այն է, որ անգամ ՔՊ-ականների համար է այս երևույթը խնդրահարույց եղել, և նրանք պատրաստակամություն են հայտնել դատարանում երաշխավոր լինել կալանքը փոխելու համար։ Ու չնայած դրանից հետո շուրջ երկու տարի է անցել, այդ պախարակելի պրակտիկան պարբերաբար մինչ օրս էլ կիրառվում է մեզանում, որի վերջին զոհը Արեգնազ Մանուկյանն է
Բայց նրա դեպքում ՔՊ-ական թե՛ նախկին, թե՛ ներկա կին պատգամավորները, անգամ նրանք, ովքեր խնամքին անչափահաս երեխա ունեն, ոչ միայն վրդովված չեն, այլ նաև ոմանք Մանուկյանին դատապարտող հայտարարություններ են անում իրենց սոցիալական ցանցերում։
MediaHub-ն, այնուամենայնիվ, որոշեց անձամբ պարզել, թե Արեգնազ Մանուկյանի և ընդհանրապես դեռահաս երեխաների մայրերի նկատմամբ դատարանների կողմից կիրառված կալանքների մասին ինչ են մտածում ՔՊ-ական կանայք։ Այդ հարցադրումով զրուցեցինք Զարուհի Բաթոյանի հետ, որը Անի Գևորգյանի կալանքի առիթով լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, թե «կին պատգամավորներին մտահոգում են կալանավորված այն կանայք, որոնց խնամքին մանկահասակ երեխաներ կան»։
Սակայն մեզ հետ զրույցում Զարուհի Բաթոյանը չհիշեց, որ առանձին դեպքերին արձագանքած լինի անհատապես։ Իսկ Արեգնազ Մանուկյանի դեպքի առնչությամբ ասաց, որ ամեն ինչ պետք է իրականացվի օրենքին համապատասխան. եթե կա օրենքով սահմանված կարգ անչափահաս կամ մանկահասակ երեխաների համար, պետք է այդ կարգը կիրառվի, և հարցը անձնական կարծիքի կամ ճաշակի տիրույթում չէ, որպեսզի ինքն այդ խնդրի վերաբերյալ տեսակետ հայտնի. «Ես ուրիշ բան չեմ կարող ասել, քան օրենքին հղում տալ։ Եթե մանկահասակ, կրծքով կերակրվող երեխաների առկայության կամ առողջական խնդիրների հետ կապված օրենքը առանձին մոտեցում է պահանջում կալանքի որոշում կայացնելիս, ապա դա պետք է կիրառվի։ Իսկ եթե չի կիրառվել, կամ փաստաբանների կարծիքով՝ օրենքն արդարացիորեն չի կիրառվել, ապա փաստաբանները կարող են բողոքարկել»։
Այնուհանդերձ, Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է արդյոք Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար նույնպես երաշխավոր լինել, ինչպես Անի Գևորգյանի դեպքում։ Հղում կատարելով Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքին՝ տիկին Բաթոյանն ասաց, որ նախ չի կարծում, թե Արեգնազ Մանուկյանն իր երաշխավորագրի կարիքն ունի, բացի այդ՝ նրան բավականին ծանր մեղադրանք է առաջադրվել, ինչով պայմանավորված էլ ինքը կխուսափի երաշխավորագիր տալուց. «Ես, իհարկե, տիկին Մանուկյանի համար այդ երաշխավորագիրը չեմ տա, որովհետև նա կալանավորված է այնպիսի գործով, ինչն ինձ համար անընդունելի է. խոսքը պետության անվտանգությանն է վերաբերում։ Եվ հետո, պատգամավորները շատ հազվադեպ՝ ծայրահեղ դեպքերում են այդ քայլին գնում: Հույս ունենք, որ բոլոր մարմիններն իրենց աշխատանքը պատշաճ կերպով կանեն»։
Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքն առնչվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործին։ Ըստ մեղադրանքի՝ նա իբր պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է փոխանցել Անդրանիկ Թևանյանին։
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը MediaHub-ին տեղեկացրեց, որ դատարանը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ոչ միայն խափանման միջոց կալանք է կիրառել, այլև ընտրել է դրա ամենախիստ ձևը՝ Մանուկյանին զրկելով անգամ ընտանիքի անդամների, այդ թվում՝ անչափահաս աղջնակի հետ տեսակցելու հնարավորությունից։ «Երեկ իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի և Քրիստինե Վարդանյանի հետ դատարանի բակում էինք՝ լավ գիտակցելով, որ դատարանն արդարացի որոշում, այնուամենայնիվ, չի կայացնելու։ Դատական նիստը շատ կարճ տևեց՝ ընդամենը մեկուկես ժամ, և պարզ էր, որ կալանքի որոշումը նախապես դրված էր դատավորի դարակում, բայց փոքր հույս էինք փայփայում, որ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ դատավորի որոշման վրա։ Բայց փաստաբանը հայտարարեց երկու ամսով կալանավորելու մասին։ Ինձ համար ցնցող էր նաև այն, որ Արեգնազ Մանուկյանին զրկել են ոչ միայն պատգամավորների, այլև անգամ ընտանիքի անդամների հետ տեսակցելու հնարավորությունից։ Միայն փաստաբանը կարող է նրան տեսակցել։ Պատկերացնո՞ւմ եք՝ անչափահաս երեխան երկու ամիս զրկված է մորը տեսնելու հնարավորությունից։ Սա հերթական անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առաջ կանգ չի առնելու և փորձում է բռնաճնշումներով կոտրել դիմադրության այն բոլոր օջախները, որոնք կարող են հետագայում խոչընդոտել իր ծրագրերը կյանքի կոչելուն։ Սա խայտառակ որոշում է, որի հետևանքով մենք հերթական կին քաղբանտարկյալն ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ընդդիմադիր կին պատգամավորները ընտանիքի անդամների և փաստաբանի հետ զրույցներում պատրաստակամություն են հայտնել բոլոր ջանքերը ներդնել՝ Արեգնազ Մանուկյանի գոնե խափանման միջոցը փոխելու համար։
Մենք նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակից էինք ակնկալում պատասխան ստանալ այն հարցադրմանը, թե նա՝ որպես Հայաստանում մարդու իրավունքների անկախ և օբյեկտիվ պաշտպան, ինչպե՞ս է վերաբերվում անչափահաս երեխա ունեցող կին մեղադրյալների և մասնավորապես Արեգնազ Մանուկյանի կալանքին, արդյո՞ք երևույթը դատապարտելի և հակաօրինական չէ։ Ի պատասխան մեր հարցի՝ ՄԻՊ-ից հայտնեցին. «Այս պահին հարցը ուսումնասիրության փուլում է: Հրապարակման ենթակա տեղեկատվության առկայության դեպքում այն կտրամադրենք»:
Թագուհի Ասլանյան

Русский