Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լավ երգը արև է ու լույս. երգիչ, երգահան Վարդան Գալստյան

Blog Image

Ինչպես փոխանցում է «Yerevanlive»-ը, օրերս հարցազրույց է տեղի ունեցել երգիչ, երգահան, գործիքավորող Վարդան Գալստյանի հետ։

Հարցազրույցը` ստորև.

– Վարդան, նախևառաջ ի՞նչ է քեզ համար երգը։

–Նախ նշեմ, որ ամեն ազնիվ արժեք, այդ թվում երգն ու երաժշտությունը, ժողովրդինն են։ Որքա՜ն շատ է սիրում մեր ժողովուրդը հայոց երգը, որը հողի ու ջրի նման քաղցր է, մոր նման տուն կանչող։ Սակայն ամեն երգ չի կարելի լավագույն կոչել։

Երգը պիտի երաժշտական հստակ կառուցվածք ունենա, հոգուց բխի և անկեղծ լինի։ Երգը պիտի դիպչի հոգուդ, զգացողություն առաջացնի։ Ես մի առիթով կարդացել եմ, որ Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզային նկարելիս հրավիրել է երաժիշտներ, որպեսզի երաժշտության ներքո Լիզան միշտ ժպտա։ Մենք նաև քարի, ջրի ու երգի ժողովուրդ ենք։ Դեռ Կոմիտասը հարստացրել է հայ երգացանկը և աչքի է ընկել իբրև լավ երգիչ։ Հայ ժողովուրդը շատ է սիրում երաժշտության ինքնատիպությունն ու անկեղծությունը։

- Երբ You Tube-ով երգեր ենք լսում, ամեն երգչի էջում քո երգերից են հնչում։ Վերջին ժամանակներում սիրային երգեր երգեցին Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը, Անդրեն, Սոնա Ռուբենյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Սարգիս Եղիազարյանը, Օքսի Ավդալյանը։ Ինչպե՞ս ես կարողանում այդքա՜ն աշխատել։

-Դա իմ ստեղծագործական աշխատանքն է։ Երգը հոգու աղոթք է։ Այսօր շա՜տ են սիրային երգերը։ Ուզում եմ սիրո լարերին դիպչել և այդ վեհ զգացմունքը երգի հնչյուններով արտահայտել։ Մեզ մոտ հաճախ ստացվում է։

- Վարդան, վերջին ժամանակներում դու հանդես ես գալիս մի ծրագրով, որը մեծ արձագանք ունի։ Նախ` որևէ ժողովրդական֊գուսանական երգ ես ներկայացնում քո երկրպագուներին, նաև քո գրած երգերից որևէ երգ ես մատուցում ունկնդրին։ Ինչպե՞ս մտահղացավ այդ գաղափարը։ Ի դեպ, այն շատ նորարար է և ինքնատիպ։

-Այո, սա նոր պրոյեկտ է , որտեղ իմ դաշնամուրային երաժշտության ուղեկցությամբ ներկայացնում եմ այդ երգերը, և պիտի ասեմ, որ շատ մեծ արձագանք կա երկրպագուների կողմից։ Այս նախագիծը շատ է սիրվել։ Հանդիպումներ եմ ունենում նաև աշակերտների և ուսանողների հետ։ Վերջերս իմ ընկերների հետ եղա Երևանի Մարի Իզմիրլյանի անվան հատուկ խնդիրներ ունեցող երեխաների մանկատանը, որի սաները մեծ ոգևորությամբ ընդունեցին մեզ։

- Այո՛, քո երգարվեստի երկրպագուները քեզ շատ են գնահատում։ Նրանք գտնում են, որ հաջողությանդ գաղտնիքը սիրո, տաղանդի, անկեղծության և երաժշտական նրբին զգացողության ներդաշնակումն է։ Մենք կարդացել ենք որոշ գրառումներ, կարծիքներ. բավական սեր և համակրանք եք վայելում։ Ի դեպ գրառում են նաև այլազգիները։

-Այո’, ամեն երգի մեկնաբանության բաժնում անկեղծանում են իմ երկրպագուները, առանձին նամակով գրում են ինձ աշխարհի տարբեր վայրերից, շնորհակալություն հայտնում, դիրքորոշում արտահայտում, առաջարկությամբ հանդես գալիս. դա ինձ շատ է ոգևորում։ Իհարկե, պիտի ասեմ, որ երգն իր ինքնատիպ հույզերով մատուցում է երգիչը, բայց երգահանի և բառերի հեղինակի դերը անչափ կարևոր է։ Նրանք են երգին միս ու արյուն հաղորդում։ Իսկ այս դեպքում երգահանը կատարում է իր գրած երգը, և հանդիսատեսը լսում է սիրելի երգի այլ տարբերակ, այլ մատուցում։ Սա նոր ոճ է, նոր հայտ է մեր կողմից, և պիտի ասեմ, որ սա անչափ դուր է գալիս իմ երկրպագուներին։

- Ինչպե՞ս է, որ երգերիդ մեծ մասը հիթ է դառնում։ Ինչպե՞ս ես հոգուդ նուրբ ելևէջները փոխանցում ունկնդրին։

-Դա ստեղծագործական ներշնչանք է, ի վերուստ տրված շնորհ (ամեն դեպքում, այդպես են ասում) (ժպտո՜ւմ է)։ Այո’, գուցե որոշ երգերի ձեռագիրը նույնն է, բայց երգերի կառուցվածքը, ներքին ուղիները տարբեր են, յուրովի հյուսված։ Ես աշխատում եմ երգի կատարելության վրա։ Լավ երգը կարծես քո երեխան լինի։ Այն միշտ քեզ ուրախություն է պարգևում։

- Վարդան, երգիչներից ամենամեծ համագործակցությունը Արկադի Դումիկյանի հետ է։ Ինչպե՞ս է կայանում ձեր համատեղ աշխատանքը։

-Այո’, ճիշտ եք նկատել։ Դումիկյանի հետ երկար եմ աշխատել։ 25֊ից ավելի երգեր ենք հանձնել երկրպագուների դատին։ Սակայն երգի ստեղծման գործում ես մենակ չեմ աշխատում։ Բառերի հեղինակը Հարութ Թիզյանն է, միքս/մաստերինգը կատարում է տաղանդավոր երաժիշտ Մարտին Միրզոյանը։ Թիմը հզոր է, պրոֆեսիոնալ ձևով է մոտենում ստեղծագործությանը, և արդյունքում ծնվում է լավագույն երգը, իսկ Դումիկյանը սրտով է մատուցում։ Նա սիրված երգիչ է։

- Էլ ո՞ր երգիչների հետ եք ակտիվ համագործակցում։

-Անդրեի, Արամեի, Սարգիս Եղիազարյանի, Գևորգ Սիրեկանյանի, Վլադիմիր Արզումանյանի հետ համագործակցությունը մեծ է։ Շատ շատերն են կատարում իմ երգերը` Ռազմիկ Ամյան, Նունե Եսայան, Արման Հովհաննիսյան, Արամ MP 3, Մարտին Մկրտչյան, Վաչե Ամարյան…

- Եվ վերջում անդրադառնանք 2025 թվականի Ձեր լավագույն երգերին, որոնք Ձեր «այցեքարտն» էին և մրցանակների արժանացան։

-Այո, մեր հեղինակած 8 երգ տարբեր մրցանակներ ստացան։ 4֊ը` Երևանի սրտում` Մարզահամերգային համալիրում, 4֊ը` Սփյուռքում` Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Արկադի Դումիկյանը երկու մրցույթներին էլ մրցանակակիր էր, Երևանում` նաև Արամ ՄՊ 3֊ը, Սոնա Ռուբենյանը, Միհրան Ծառուկյան-Արփի Գաբրիելյան տաղանդավոր զույգը, իսկ Ամերիկայում` Անդրեն, Սարգիս Եղիազարյանը, Օքսի Ավդալյանը։

Թո՛ւյլ տվեք իմ կողմից շնորհավորել բոլոր մրցանակակիրներին և ցանկանալ նորանոր հաղթանակներ։

Օգտվելով ընձեռված հնարավորությունից` կցանկանայի շնորհավորել նաև իմ բոլոր երկրպագուների Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություն և բարի գործերի տարի։ Թող 2026֊ին սպասեն երաժշտական գեղեցիկ անակնկալների։

Աստված բոլորիդ պահապան։

Send