Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվությունը նվազել է

Blog Image

2026 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Տվյալների համաձայն՝ հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2.1 անգամ։ Ընդհանուր դեպքերի շուրջ 75.4%-ը կազմում են 0-18 տարեկանները, և առավել բարձր ցուցանիշը շարունակում է գրանցվել 0-4 տարեկանների շրջանում։

Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 և H1pdm09 ենթատեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակներ՝ ռինովիրուս, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, պարագրիպ, բոկավիրուս և ադենովիրուս։

Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը MediaHub-ի  հետ զրույցում նշեց, որ հիվանդացության նվազումը պայմանավորված  է բնական գործընթացով.

«Սա կանխատեսելի նվազում էր։ Մինչ տոները, մինչև դպրոցների և բուհերի փակվելը, մենք տեսնում էինք բավականին լուրջ սրացումներ։ Վիրուսի շրջանառության ընթացքում ձևավորվում է իմունիտետ, և արդյունքում հիվանդացությունը սկսում է նվազել։ Ավելի պարզ ասած՝ շատերը հիվանդացան, ապաքինվեցին, և հիմա արդեն նկատում ենք նվազման փուլը»։

Այնուամենայնիվ, մասնագետը նշում է, որ այս պահին առավել տարածված է գրիպի H1N3 ենթատեսակը։ Ռիսկի խմբում հիմնականում երեխաներն են։

«Հոսպիտալացվածների շուրջ 97 տոկոսը երեխաներ են։ Նրանց մոտ բարդությունները հաճախ արտահայտվում են թոքաբորբի, բրոնխիտի, օտիտի և այլ ձևերով։ Խոցելի խմբում են նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակները՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային և շնչառական համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,- ասաց Անուշ Պողոսյանը

Դպրոցների և մանկապարտեզների վերաբացումը, ըստ մասնագետի, կարող է կրկին ակտիվացնել վիրուսի տարածումը, եթե չպահպանվեն կանխարգելիչ միջոցառումները։

«Եթե չկիրառվեն պրոֆիլակտիկ միջոցառումներ՝ ջերմաչափում, բացակայողների նկատմամբ հսկողություն, դասասենյակների օդափոխություն և ախտահանում, կրկին կստեղծվի միջավայր, որտեղ երեխաները կարող են միմյանց վարակել։ Սակայն ի տարբերություն տոներից առաջ ընկած շրջանի, այժմ շրջանառվող շտամների քանակը նվազել է»։

Մասնագետը հորդորում է ծնողներին զգոն լինել։

«Նույնիսկ ամենափոքր գանգատի դեպքում երեխային պետք է թողնել տանը։ Հիվանդ երեխային դպրոց կամ մանկապարտեզ տանելը ոչ միայն մեծացնում է մյուսների վարակման վտանգը, այլև կարող է բարդությունների պատճառ դառնալ հենց տվյալ երեխայի մոտ»։

Դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցներին խորհուրդ է տրվում պահպանել կանխարգելիչ բոլոր մեթոդները՝ սկսած ջերմաչափումից մինչև տարածքների կանոնավոր ախտահանում և դասասենյակներում համապատասխան ջերմաստիճանի ապահովում։

Մասնագետները նշում են՝ իրավիճակը վերահսկելի է, սակայն զգոնությունը պետք է պահպանել, հատկապես երեխաների առողջության հարցում։

Ալիտա Եղիազարյան

Send