Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հարվածներ հասցնել Իրանին նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին հաջորդող օրը. հայտնել է «MS NOW» հեռուստացանցը՝ տարբեր աղբյուրների հղում կատարելով։
ԱՄՆ վարչակազմը զգուշացրել է Պարսից ծոցի մի շարք երկրների՝ պատրաստ լինել հնարավոր «կարճատև, բայց ինտենսիվ հարվածների»։
Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները փորձում են թուլացնել լարվածությունը՝ մտավախություն ունենալով, որ հարձակումների վերսկսման դեպքում Թեհրանը կարող է պատասխան գործողությունների դիմել։ Տարածաշրջանային մի պաշտոնյա (որի անունը չի նշվում) հայտնել է, որ Պարսից ծոցի որոշ պետություններ կարող են դեմ լինել իրենց տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների օգտագործմանը՝ Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով։
Հոկտեմբերի 24-ին CNN-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից դիվանագիտական անձնակազմի հրատապ տարհանումը։ Տարածաշրջանից հեռանում են նաև այդ դիվանագետների ընտանիքի անդամները։
Այս քայլերը ձեռնարկվել են հիմնվելով ԱՄՆ-ի հավաքագրած հետախուզական տվյալների վրա, որոնք վկայում են Իրանի գործողությունների ակտիվացման մասին։

Русский