ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել մոտ 30 արտասահմանյան առաքելություններից բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ դիվանագետների: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյաների:
AP-ի փոխանցմամբ՝ 29 ամերիկյան արտասահմանյան առաքելությունների ղեկավարներին տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է հունվարին։
Գործակալությունը նշում է, որ վերոնշյալ դիվանագետները պաշտոնները ստանձնել են ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք: Ամենամեծ թվով ամերիկացի դեսպաններ հետ են կանչվում Աֆրիկայից, որտեղ 13 երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ: Ասիայում Թրամփի վարչակազմը հետ է կանչում դեսպաններին վեց երկրներից, այդ թվում՝ Վիետնամից և Ֆիլիպիններից:
Մերձավոր Արևելքում Ալժիրում և Եգիպտոսում գտնվող ամերիկացի ավագ դիվանագետները ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ: Կադրային փոփոխությունները կվերաբերեն նաև Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում ԱՄՆ դեսպանատներին: Associated Press-ը հաղորդում է, որ այս դիվանագետները պարտավոր կլինեն վերադառնալ Վաշինգտոն, որտեղ նրանք կարող են ընդունել նոր նշանակումներ, եթե ցանկանան:
Քրիստինա Քվինը ԱՄՆ բարձրագույն դիվանագիտական կորպուսի կադրային ծառայող է՝ նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճանով: Դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։

Русский