Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարող տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը։ Միջազգային անորոշության և տարածաշրջանային մարտահրավերների ժամանակաշրջանում Հայաստանի շարունակական հանձնառությունը երկխոսությանը, կայունությանը և խաղաղ հարաբերություններին առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։
Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի շարունակական հանձնառության մեջ՝ Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով։ Ձեր առաջնորդությունն արժեքավոր հնարավորություն է տալիս առաջ մղելու քաղաքականության բարեփոխումները, որոնք կբարձրացնեն դիմադրողականությունը, կամրապնդեն մակրոտնտեսական կայունությունը, կխթանեն ներառական և կայուն աճը և կբարելավեն հայ ժողովրդի բարեկեցությունը։
Մենք անհամբեր սպասում ենք Ձեր Կառավարության հետ սերտ գործընկերության շարունակմանը»:
Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը նույնպես շնորհավորել է․
«Մեծարգո վարչապետ,
Բելգիայի կառավարության անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և հայ ժողովրդի կողմից Ձեզ վստահության վերահաստատման առիթով։
Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին։ Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար։ Նրանց ընտրությունը վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարական ուղին այն ժամանակ, երբ ժողովրդավարությունը, կայունությունը և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ավելի կարևոր են, քան երբևէ։
Ես հատկապես ուրախ էի հանդիպել Ձեզ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեր շփումը հիանալի հնարավորություն ընձեռեց վերահաստատելու Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և մեր համատեղ հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Ես նաև ջերմությամբ եմ հիշում Բելգիայի դեսպանատան մեր համատեղ բացումը Երևանում։
Դա մի կարևոր իրադարձություն է, որն արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների խորացումը և Բելգիայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։
Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունն առաջիկա տարիներին, մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության աջակցության գործում։
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, նորարարությունը, կրթությունը և մարդկանց միջև փոխանակումները»։

Русский