Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Լավ տղայից՝ «ռագատկի քար» մեկ քայլ է

Blog Image

Հայաստանի ներքաղաքական կյանքին հետևողները դժվար թե մոռացած լինեն սյունեցի Առուշ Առուշանյանին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության երբեմնի ամենաաղմկոտ ընդդիմախոսներից մեկին, որը քաղաքական ասպարեզում իր կերպարը կառուցում էր հայրենասիրության, ազգային արժանապատվության և իշխանություններին հակադրվելու շուրջ։

Սակայն այսօր այդ կերպարից, կարծես, մնացել է միայն հին քաղաքական պայքարի հիշողությունը, իսկ նախկին հակառակորդների միջև սահմանները վերացել են՝ տեղը զիջելով քաղաքական համագործակցությանը։

Առուշանյանի պատմությունը Հայաստանի քաղաքական դաշտի հերթական շրջադարձերից մեկը չէ միայն։ Այն նաև հարցեր է առաջացնում քաղաքական սկզբունքների, ընդդիմադիր պայքարի անկեղծության և այն արժեքների մասին, որոնց անունից տարիներ շարունակ հանդես են գալիս քաղաքական գործիչները։

2020 թվականի պատերազմից հետո Առուշ Առուշանյանը Սյունիքի այն համայնքապետերից էր, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա մասնակցեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով․ 32-րդ համարն էր։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս իշխանության կոշտ քննադատության դիրքերից, իսկ Գորիսում նրա ղեկավարած դաշինքը 2021 թվականի հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններում հաղթեց ՔՊ-ին։ Հետաքրքիրն այն էր, որ իշխող կուսակցությունը պարտություն էր կրել Գորիսում, իսկ Առուշանյանի դաշինքը հաղթել՝ այն պարագայում, որ համայնքապետն անազատության մեջ էր։

Այդ տարիներին Առուշանյանի քաղաքական կերպարը կառուցվում էր մի պարզ մտքի վրա․ ինքն ընդդիմադիր էր, Փաշինյանը՝ իշխանություն, և հենց նրա քաղաքականության դեմ պետք է պայքարել։

Սակայն քաղաքական ճանապարհը, ինչպես ցույց է տալիս այսօրվա իրողությունը, նրան տարել է ճիշտ հակառակ ուղղությամբ։

2026 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Գորիսի համայնքային ընտրություններում Առուշանյանը հանդես է գալու ՔՊ-ի հետ դաշինքով։ Սեպտեմբերի 25-ին նա արդեն բաց տեքստով հայտարարում էր․ «Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»։ Այսինքն՝ նախկին ընդդիմախոսը ոչ միայն համաձայնել է համագործակցել այն իշխանության հետ, որի դեմ ժամանակին պայքարում էր, այլ նաև իր որոշումը հիմնավորում է այդ իշխանության քաղաքականության հետ համաձայնությամբ։

Բայց ինչպե՞ս է տեղի ունեցել այս քաղաքական փոխակերպումը։ Ի՞նչ է փոխվել՝ Նիկոլ Փաշինյանի՞ քաղաքականությունը, թե՞ Առուշ Առուշանյանի գնահատականները։ Եթե նախկինում իշխանության գործողությունները նրա համար անընդունելի էին, ապա ո՞ր իրադարձություններն են ստիպել կամ համոզել նրան վերանայել դիրքորոշումը։ Եվ եթե այսօր այդ քաղաքականությունն արդեն ընդունելի է, ապա արդյո՞ք նախկին քննադատությունն այլևս ուժի մեջ չէ։

Այս հարցերն առավել կարևոր են դառնում՝ հաշվի առնելով հենց Առուշանյանի նախկին հայտարարությունները։ 2022 թվականի մարտի 28-ին, ազատ արձակվելուց հետո, նա լրագրողներին ասում էր, որ իրեն քաղբանտարկյալ չի համարում, քանի որ իր պայքարը քաղաքականության համար չէ, այլ հայրենիքի պաշտպանության։ Նույն զրույցում նա հայտարարում էր․ «Հայրենիքը վեր է ամեն ինչից», ապա հավելում՝ «առաջինը ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, հետո՝ արտաքին»։

Այս հայտարարություններն այսօր նոր իմաստ են ստանում։ Եթե պայքարը հայրենիքի համար էր, եթե սկզբունքները վեր էին քաղաքական շահերից, ապա ինչպե՞ս է բացատրվում այն հանգամանքը, որ նախկին հակառակորդը հիմա ոչ միայն համագործակցում է Փաշինյանի թիմի հետ, այլ նաև դրական գնահատականներ է տալիս կառավարության գործունեությանը։

Ավելին, երեկ արդեն Առուշանյանը հայտարարեց, որ կառավարության գործունեությունը բանակաշինության ոլորտում համարում է ազգային արժեքներ կրող մոտեցում։ Նա խոսում էր սահմանին կառուցվող բունկերների, տնտեսության զարգացման և կոռուպցիայի բացակայության մասին՝ պնդելով, որ տեսած փաստերն իրեն համոզել են՝ կառավարությունն աշխատում է երկրի օգտին։

Ստացվում է՝ նախկին ընդդիմադիրն այսօր իշխանության քաղաքականության պաշտպաններից է։ Իհարկե, քաղաքական դիրքորոշման փոփոխությունն ինքնին դատապարտելի չէ։ Մարդը կարող է վերանայել իր գնահատականները, փոխել քաղաքական հայացքները, անգամ համագործակցել նախկին հակառակորդի հետ։ Խնդիրը ոչ թե փոփոխության փաստն է, այլ դրա հիմնավորումը։ Քաղաքական գործիչը, հատկապես երբ իր հեղինակությունը կառուցել է հայրենասիրության և սկզբունքայնության շուրջ, պարտավոր է հանրությանը բացատրել՝ ինչն է փոխվել և ինչու։

Առուշանյանի դեպքում այդ բացատրությունը պետք է լինի առավել հստակ։ Որովհետև այստեղ խոսքը պարզապես երկու քաղաքական ուժերի միջև համագործակցության մասին չէ։ Խոսքը տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և այսօրվա քաղաքական ընտրության միջև առաջացած հակադրության մասին է։

Արդյո՞ք նախկին քննադատությունը սխալ էր։ Արդյո՞ք այսօր իշխանության գործողությունները սկզբունքորեն այլ են։ Թե՞ քաղաքական հաշվարկներն են փոխվել, իսկ նախկինում բարձրաձայնված արժեքները հարմարեցվել են նոր իրողություններին։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն կարող փոխարինվել միայն այն հայտարարությամբ, թե երկիրը շենանում է։ Եթե նախկինում իշխանության քաղաքականությունը գնահատվում էր որպես
անընդունելի, ապա այսօր դրա դրական գնահատականը պետք է հիմնավորվի ոչ թե ընդհանուր ձևակերպումներով, այլ կոնկրետ փաստերով և հստակ բացատրություններով։

Առուշ Առուշանյանը կարող է համոզված լինել, որ Փաշինյանի կառավարությունն այժմ ճիշտ ճանապարհով է գնում։ Բայց այդ դեպքում հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ էր նախկինում այդ ճանապարհը նրա համար անընդունելի, և ո՞ր կոնկրետ հանգամանքներն են փոխել նրա համոզմունքները։

Քաղաքական գործչի համար ամենահեշտը նոր դաշինք կազմելն է։ Ամենադժվարը՝ բացատրելը, թե ինչու երեկվա համոզմունքը այսօր այլևս ուժի մեջ չէ։

Իսկ երբ քաղաքական գործիչը նախկինում հանդես է եկել հայրենասիրության, սկզբունքների և ազգային արժանապատվության անունից, նրա քաղաքական շրջադարձի գնահատականը չի կարող սահմանափակվել նոր դաշինքի պաշտոնական անվանմամբ։ Այդ դեպքում հանրությունը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է հարցնել՝ ի՞նչն է մնացել նախկին սկզբունքներից, և ի՞նչն է փոխվել քաղաքական շահերի հետ միասին։

Առուշանյանի քաղաքական ճանապարհը հիմա հենց այդ հարցերի պատասխանների կարիքն ունի։ Եթե չլինեն այդ պատասխանները, հանրության աչքին սյունեցի հայրենասեր տղան ուղղակի կդառնա «ռագատկի քար»։

Նարե Գնունի

Send