Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ են ադրբեջանցիները հրաժարվել գալ Երևան, Բաքուն փոշիացնո՞ւմ է խաղաղության գործընթացը

Blog Image

Երևանի և Բաքվի միջև այսօրվա վարած ամենատենչ, ագրեսիվ ու նենգ միջավայրում թվացյալ խաղաղության համատեքստում երկու երկրների այսպես կոչված քաղհասարակությունների բարեկամական ձեռքսեղման գործընթացը կարծես թե վերջին արարին հասավ՝ մերկացնելով ինքնակոչ Ադրբեջանի իրական նկրտումներն ու նպատակները։

Պատմությունից դասեր քաղող քաղաքացիների համար վաղուց էր ակնհայտ, որ Ադրբեջանի վարած ամենատենչ, նենգ ու օտարինը յուրացնելու քաղաքականությունը երբեք էլ տեղի չի տա խաղաղարարությանը, հանդուրժողականությանը և հայասիրությանը։ Երկու ազգերի միջև բարեկամություն հաստատելու ռոմանտիկ հովերով տարված և իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ համարողները, հուսանք, որ վերջապես կհանեն իրենց վարդագույն ակնոցները և հաշվի կնստեն իրականության հետ, որքան էլ այն իրենց սրտով չլինի և իրենց նախասիրությունների հետ չհամընկնի։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, պարզվում է, մի քանի փոխադարձ այցելություններից հետո որոշել են առժամանակ կամ գուցեև մեկընդմիշտ չեղարկել հերթական նախատեսված հանդիպումը, որը պետք է կայանար Երևանում։
 
Հիշեցնենք, որ վերջին անգամ ադրբեջանցի փորձագետները Երևան էին ժամանել մայիսին՝ «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Մինչ այդ՝ փետրվարի 13-ին, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով էին եկել Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվող երկկողմ կլոր սեղանին մասնակցելու համար։ Ավելի վաղ՝ 2025 թվականին, ադրբեջանցի փորձագետները մասնակցել էին Երևանում կայացած «Օրբելի ֆորում. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջոցառմանը, իսկ նախորդ նոյեմբերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել:
 
 Հայ-ադրբեջանական ակտիվ շփումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։ Հայկական կողմը մեծ հույսեր էր կապում այդ հանդիպումների հետ՝ պնդելով, որ ժամանակի հարց է երկու երկրների հասարակություններին պատրաստելու առաջիկա կայուն խաղաղությանն ու երկկողմ բարիդրացիական հարաբերություններին՝ միմյանց նկատմամբ հարգանքով ու հանդուրժողականությամբ։ Եվ հիմա հայկական կողմը թերևս հուսախաբ եղավ, քանի որ Երևանում այս օրերին նախատեսված հերթական հանդիպումը այդ ձևաչափով Ադրբեջանի նախաձեռնությամբ չեղարկվել է, ինչի մասին տեղեկացրել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր անդամ Բորիս Նավասարդյանը, որը հայ-ադրբեջանական քաղհասարակությունների շփումների մասնակիցն է հայկական կողմից։
 
Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները՝ «մինչև լարվածությունը թուլանա»։ Բաքվի չեղարկումը մեկնաբանել է Բորիս Նավասարդյանը՝ ասելով, որ հայկական կողմն ակնկալում էր, որ «այս սուր իրավիճակում անհրաժեշտ է հանդիպել, փորձել փոխադարձ ըմբռնման հասնել ու պայմանավորվել այն մթնոլորտի մասին, որը ցանկալի է, որ ձևավորվի տեղեկատվական միջավայրում, հանրային դաշտում, սակայն կարծես թե Ադրբեջանից գործընկերները նպատակահարմար չեն գտնում շփվել այս փուլում»։
 
Սուր փուլ ասելով՝ քաղհասարակության ներկայացուցիչը նկատի ունի վերջին շրջանում արդեն նաև ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախում գտնվող հայկական պատմամշակութային, հոգևոր շինությունները աղվանական հռչակելու և այդպիսով հայկական հետքը Արցախից լիովին ջնջելու, հայերին իբրև աղվանական ժառանգությունը յուրացնելու մեջ մեղադրելու աղաղակող փաստերը։ Մինչև վերջերս Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից և տարածաշրջանից հայերի բռնի տեղահանումից հետո այդպիսի հայտարարություններ հնչում էին հասարակական գործիչների կողմից, բայց պետական մակարդակով քարոզչությունը հատկապես ակտիվացավ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ օտարերկրյա դիվանագետների Արցախ կատարած այցից հետո, երբ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Դադիվանքը և Գանձասարը որպես հին աղվանական եկեղեցիներ է ներկայացրել և հայտարարել, թե հայերը յուրացրել են դրանք։

Որոշ ժամանակ անց նախագահի կաբինետի այդ ներկայացուցիչը հայտարարեց, թե «Կովկասի Ալբանական թագավորության քրիստոնեական ժառանգությունը տարիների ընթացքում հայերի կողմից ենթարկվել է կեղծման ու եկեղեցիների ճարտարապետության փոփոխման»։ Հաջիևի պաշտոնական քարոզչությանն է միացել նաև Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան՝ հայկական կողմին մեղադրելով Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ գողանալու և Հայաստան տեղափոխելու համար։ Ադրբեջանցի պաշտոնյան հարցազրույցի ժամանակ նշել է, թե Դադիվանքից դուրս բերված որմնանկարներն ու խաչքարերը վերադարձնելու պահանջով Բաքուն դեռ անցած տարի դիմել է Ինտերպոլին: Դրանք, ըստ Հաջիևայի, ներառվել են «Գողացված արվեստի գործերի» տվյալների բազայում: Տիկին Հաջիևան «աղվանական» է անվանել նաև Ամարասի, Հոռեկավանքի, Ծիծեռնավանքի, Սուրբ Եղիշեի և Արցախում գտնվող մյուս եկեղեցիները: Նա պնդել է, թե անհրաժեշտ է Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության վերաբերյալ հետազոտություններ անցկացնել նաև Հայաստանի տարածքում, քանի որ իր համոզմամբ՝ «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածը ևս մտել է Կովկասյան Աղվանքի կազմի մեջ»։
  
Որքան Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում ադրբեջանական նման դրսևորումներին՝ հավաստիացնելով, թե այդպիսով չեն վտանգում առանց այն էլ փխրուն խաղաղության գործընթացը, և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հորդորում է անպատասխան թողնել նման հայտարարությունները, այնքան ադրբեջանական կողմի ախորժակն ավելի է սրվում այն աստիճան, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հոգևոր կառույցների նկատմամբ են հավակնություններ ներկայացվում։ Ադրբեջանական լրատվամիջոցները օրերս հրապարակեցին Ալիևի հովանավորությամբ ու նախաձեռնությամբ ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունը, որում ասվում է, թե աշխատանքային խումբ են ստեղծել «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրում, Վայոց ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրման նպատակով»։
 
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների հույսերը Ադրբեջանի հետ կայուն ու տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ ի դերև են լինում, քանի որ խաղաղությունը փայփայելու գաղափարախոսությամբ իրենք այդպես էլ չեն կարողանում վարակել ադրբեջանական կողմին, և որքան Փաշինյանն իր թիմի հետ շոյում, փայփայում է իրենց բաղձալի խաղաղությունը, այնքան Ադրբեջանը փոշիացնում է այդ ջանքերը։
 
Թագուհի Ասլանյան

Send