Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը, ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, կարող է կարևոր խթան դառնալ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մերցը շնորհավորել է երկու երկրներին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի կայունությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրոպայի համար։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրի քաղաքական նշանակությանը և դրա հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի ուժային հավասարակշռության վրա, ինչպես նաև Ալիևի այն հայտարարությանը, թե երկու երկրներն ապրում են պատմական ժամանակաշրջան, քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց․ «Իրապես, Ադրբեջանի համար պատմական է այս ժամանակահատվածն այն իմաստով, որ նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել այսպիսի ելք Արցախյան հակամարտության շուրջ։ Ինչ վերաբերում է Գերմանիայում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, դրանք դասական իմաստով Ադրբեջանի դիրքավորման մասին հայտարարություններ են։
«Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես միջին տերության ձգտող պետություն, որի հետ պետք է տարածաշրջանի ցանկացած հարց նախ և առաջ քննարկել, և որի համաձայնությունն է պետք ստանալ։ Հաշվի առնելով, որ Գերմանիան Եվրոպայի առանցքային պետություններից մեկն է, այս իմաստով բավականին տրամաբանական է, որ Ալիևը նման հայտարարություններ հնչեցրեց հենց Գերմանիայում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված Գերմանիայի և Եվրոպայի մեծ հետաքրքրությունը տարածաշրջանային կայունության նկատմամբ, Արա Պողոսյանն ասաց․ «Միջազգային հարաբերությունները բացառապես շահերի մասին են և ոչ թե արժեքների։ Բնականաբար, թե՛ Գերմանիան, թե՛ մնացած բոլոր պետությունները փորձելու են առավելագույն շահ ստանալ ստեղծված իրավիճակից։ Ձևավորվել է օբյեկտիվ իրականություն, և այդ իրականությունը, ըստ էության, հաշվի է առնվում բոլոր հիմնական խաղացողների կողմից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը էներգետիկ ռեսուրսների տիրապետող պետություն է, և այդ ռեսուրսները հետաքրքիր են հատկապես Եվրոպական միության համար, կարծում եմ՝ բավականին տրամաբանական է, որ Գերմանիան պետք է ունենա շահեր և հենց այդ շահերն էլ սպասարկի»։
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը կարող են նպաստել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև նման համագործակցության հնարավոր հետևանքներին՝ քաղաքագետը նշեց․ «Դեռևս նախորդ տարի՝ օգոստոսի 8-ին, ստորագրված համաձայնությունից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ թեև հասել են պատմական պայմանավորվածության, բայց Ադրբեջանը նախ և առաջ ցանկանում է տարածաշրջանի փոխկապակցվածություն՝ առաջին հերթին նկատի ունենալով Հայաստանը»։
«Թվում է, թե այս փոխկապակցվածությունը պետք է բերի պատերազմների իռացիոնալ դառնալուն, բայց իրականության մեջ, եթե չկա բալանս պետությունների միջև, և պետություններից մեկը դիրքավորվում է որպես հեգեմոն, իսկ դրան գումարենք նաև Թուրքիայի հանգամանքը, ապա այդ փոխկապակցվածությունը նրանք պատկերացնում են այնպես, որ դոմինանտ կողմը ստանալու է մյուս կողմի նկատմամբ լծակներ։ Դրանք կարող են լինել էներգետիկ լծակներ, որոնց միջոցով կպարտադրվեն նախապայմաններ։ Եթե դու մտել ես նման փոխկապակցվածության մեջ, ստիպված ես լինելու համաձայնել այդ պահանջներին, քանի որ հակառակ դեպքում կարող ես զրկվել էներգետիկ անվտանգությունից, տնտեսական և լոգիստիկ հնարավորություններից։ Իսկ տնտեսությունը նման տրամաբանությամբ վերակառուցելը նշանակում է ձեռք բերել ոչ թե փոխկապակցվածություն, այլ կախյալություն»,- նշեց քաղաքագետը։
Խոսելով Հայաստանի համար համաձայնագրի հնարավոր առավելությունների և ռիսկերի մասին՝ Արա Պողոսյանը նշեց․ «Ցավոք սրտի, դիտարկելով արդի հայկական արտաքին քաղաքական տրամաբանությունը, ես վատատես եմ և տեսնում եմ, որ եթե շարունակվի քաղաքական այն գործընթացը, որը գոյություն ունի, ապա այն ոչ թե կհանգեցնի բալանսավորված հարաբերությունների, այլ մեկ կախյալությունից դեպի մեկ այլ կախյալության որոգայթ, որը երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի ցավոտ կլինի»։
Ալիտա Եղիազարյան

Русский