«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ նախընտրական ցուցակի էլեկտրոնային գրանցման ավարտից հետո ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ցուցակը:
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 30-ին ՔՊ վարչության նիստում որոշվել էր, որ իշխող ուժից նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը կարող են ինքնառաջադրվել ցանկացողները:
Ինքնառաջադրման համար անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։
ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է նաեւ վճարեն առաջադրման համար՝ կուսակցականները 500 հազար դրամ, ոչ կուսակցականները մեկ ու կես միլիոն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից պարզել, թե քանի հոգի են ընդգրկվել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում: Մանավազյանը հայտնեց, որ առաջադրվել են 383 անձինք, որոնցից 4 տասնյակից ավելին անկուսակցական են եղել:
Մեր տեղեկություններով՝ այժմ ՔՊ վարչությունը անցել է «զտման» փուլին՝ որոշելու, թե ովքեր ունեն բավարար ռեյտինգ եւ կարող են հավակնել նոր խորհրդարան անցնելուն։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետի պաշտոնում, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի պաշտոնում»։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ 2018 թ․ մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, երկամսյա կալանք տվեց, եւ նրան տեղափոխեցին ԱԱԾ «պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Եվ նա հայտնվեց այն խցում, որտեղ արդեն քանի ամիս է՝ ապրում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին եւ անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն կցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է: Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի «գայթակղիչ» կարող են լինել իշխանությունների համար: Իսկ կալանավորված չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Կլորներում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է: Այդ մասին երեկ տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետը: Նա նաև հայտարարել է, որ ՔԿՀ-ներում ունեն մինչև 4000 անձի պահելու հնարավորություն:
Դե ինչ, ինքնին հետաքրքիր փաստ է: Սա նշանակում է, որ ընթացքում որևէ քրեական գործ չքննվի, անազատության հետ կապված որևէ դատավճիռ չկայացվի, Փաշինյանը կարող է ևս 1115 ընդդիմադիր գործչի կամ պարզապես իր «թանին թթու ասողներին», անգամ 70-անց թոշակառուների տեղավորել: Դրանից հետո բանտերում արդեն ազատ տեղ չի լինի: Բայց քանի որ մենք երթուղային միկրոավտոբուսներ և «բարեփոխված» ավտոբուսներ տեսած հասարակություն ենք, կարելի է ասել, որ ցանկության դեպքում կարելի է բանտերում տեղավորել ոչ թե 1100, այլ ևս 2200 հակաիշխանական քաղաքացիների:
Բայց այդքանով էլ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության համար «լավ լուրերը» սպառվում են: Նրանց համար վատ լուրն այն է, որ իրականում Հայաստանում իշխանության դեմ տրամադրված, Փաշինյանին ու նրա իշխանությունը չընդունողները, սոցցանցերում և դրացից դուրս իշխանությունների մասին «քրեականին մոտ» արտահայտվողները ոչ թե հազարներ են, ոչ թե 2 հազարից, նույնիսկ 4 հազարից շատ են (եթե նույնիսկ բոլորին ազատ արձակի՝ ընդդիմացողների համար տեղեր բացելու նպատակով), այլ հարյուր հազարավորներ են: Իսկ բոլորին առավելագույնը 4000 տեղանոց բանտերում Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, չի կարող տեղավորել այս իշխանությանը մերժող բոլոր քաղաքացիներին:
Իսկ մյուս կողմից... Ակամայից վերհիշում ես Հակոբ Պարոնյանի հայտնի արտահայտությունը, բայց մի փոքր այլ շեշտադրությամբ, ավելի ճիշտ՝ մի փոքր «արդիականացրած»: Մասնավորապես, բանտ Նիկոլ Փաշինյանի իշխանավարած Հայաստանում կնշանակի բանտ բանտի մեջ:
«Իրավունք» թերթը գրում է.
«Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած եւ 10 «տիրադավեր» անունը ստացած եպիսկոպոսների թեմերում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:
«Իրավունք»-ի տեղեկություններով` վերոնշյալների թեմերում ծառայող հոգեւորականներն, ուղղակի, շոկի մեջ են: Մի կողմից չեն կարողանում քար գցել իրենց թեմերի առաջնորդների ուղղությամբ, քանի որ միասին անցած երկար տարիների ճանապարհ ունեն, մյուս կողմից գիտակցում են պահի լրջությունը:
Իսկ նրանց լռեցնելու համար գտնվել է նույն տիրադավերի կողմից լավագույն բանաձեւը: Ոչ ուղղակիորեն ամենքի ականջն են գցում, թե իբրեւ գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել՝ պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգեւորականությանը, որպեսզի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում:
Սակայն, նույն դավաճանի պիտակը ստացած նույն թեմի առաջնորդներին մոտիկից ճանաչող հոգեւորականները համոզված են՝ «ո՛չ կոմպրոմատ, ոչ էլ ինքնազոհողություն, նրանք դեռ վաղուց էին տակից Նիկոլի թելը թելում»։

Русский