Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից, հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Այս մասին հայտարարվել է «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ։
Երևանում բանակցությունների ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում: «Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթում-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրումեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև պայմանավորվել են չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթում-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում (հիմնականում Չեխիայից)՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և հընթացս կանգառներով, որպեսզի զբոսաշրջիկները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին:

Русский