ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման վերաբերյալ «պատմական համաձայնագրի» ձեռքբերման մասին՝ այն անվանելով Գազայի հատվածում նոր պաղեստինյան կառավարության ձևավորման ուղղությամբ կարևոր քայլ։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդներին իրենց օգնության համար։ Թրամփի խոսքով՝ Համասի և դրա դաշնակից պաղեստինյան խմբավորումների զինաթափումը պետք է տեղի ունենա փուլ առ փուլ։
«Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ Համասի և Գազայի մյուս բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ: Սա մոնումենտալ քայլ է դեպի երկարատև խաղաղություն և անվտանգություն։
Այս համաձայնագիրը կարևոր քայլ է դեպի այն, որ Ղազան վերջապես կառավարվի նոր պաղեստինյան կառավարության կողմից, որը սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ՝ պաղեստինյան ժողովրդին օգնելու համար: Միևնույն ժամանակ, Իսրայելը կունենա այն անվտանգությունը, որին արժանի է, և Գազան այլևս չի օգտագործվի որպես ահաբեկչական հարձակումների բազա։
Սա կարևորագույն հանգրվան է Թրամփի 20 կետանոց պլանի իրականացման գործում: Համաձայնագիրը կիրականացվի ուշադիր կառուցվածքային փուլերով: Զինաթափման ավարտից հետո իսրայելական ուժերը կհեռանան, և Միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի հետ՝ ստանձնելու Գազայի բնակիչների և հարևանների անվտանգության պատասխանատվությունը։
Մեկ տարի առաջ տեղի ունեցան բռնի պատերազմ, մարդասիրական ճգնաժամ և պատանդներ պահվեցին դաժան գերության մեջ: Մենք պատմական առաջընթաց ենք գրանցել, և դեռ շատ աշխատանք կա անելու։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային իրենց կարևոր ջանքերի համար, և հատկապես իմ ակնառու թիմին, որի անխոնջ աշխատանքը հնարավոր դարձրեց այս պատմական առաջընթացը։
Հոկտեմբերի 7-ին Գազայից ի հայտ եկած սպառնալիքը չի թույլատրվի վերականգնվել։
Այս համաձայնագրով՝ Գազան վերջապես կլինի նոր պաղեստինյան կառավարության ձեռքում, որը կծառայի իր ժողովրդին։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ԱՅՍ ՀՐԱՇԱԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՈՐԻՆ ԲՈԼՈՐԸ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԵՐԲԵՔ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՍՆԵԼ»,- գրել է Թրամփը։

Русский