Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով, ինչի հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ այս փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող երեխաներին, քանի որ նրանց աշնանային արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել երկու շաբաթով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է աշնանը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17)։ Միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է 2026-ի հոկտեմբերի 19-30-ը։

Русский