Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զարմիկ Վասիմ ալ-Ասադը Դամասկոսի դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի՝ կանխամտածված սպանության և խոշտանգումների համար, հաղորդել է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։
Օգոստոսի 11-ին Դամասկոսի դատարանը Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին և նրա կրտսեր եղբորը՝ Մահեր ալ-Ասադին, որը ղեկավարել է սիրիական բանակի չորրորդ դիվիզիան, հեռակա կարգով դատապարտել է մահվան։
«Դատարանը մեղադրյալ Վասիմ ալ-Ասադին մեղավոր է ճանաչել մի քանի մարդկանց կանխամտածված սպանության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների մեջ, որոնք որակվում են որպես մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ։ Դատարանը մեղադրյալ Վասիմ ալ-Ասադին դատապարտել է մահվան», - գործակալությունը մեջբերել է դատավոր Ֆախր ալ-Դին ալ-Արյանի խոսքերը։
Դատարանը նաև որոշել է բռնագրավել դատապարտյալի շարժական և անշարժ գույքը՝ հօգուտ պետական գանձարանի։
Վասիմ Ասադի դատավարությունը տեղի է ունեցել Դամասկոսի չորրորդ քրեական դատարանում՝ անցումային արդարադատության գործընթացի շրջանակներում։ Սիրիայի իշխանությունները նրան ձերբակալել են 2025 թվականի հունիսին սիրիա-լիբանանյան սահմանին։

Русский