Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վայոց ձորի հայտնի «ուրվականը» հասել է Գողթանի՞կ

Blog Image

Շուրջ մեկ ամիս է՝ Վայոց ձորի մարզի հայտնի «ուրվականը» շարունակում է պտտվել գյուղերով ու քաղաքներով և մնալ անորսալի։ Նրա մասին պատմում են բոլորը, սակայն տեսել են քչերը։

«Ամենաշատն ահաբեկել է Մալիշկայի բնակիչներին։ Հենց լրատվամիջոցները սկսեցին խոսել նրա մասին, անհայտ անձը փոխեց իր «հասցեն» ու գնաց մյուս գյուղեր։ Մեր ունեցած տվյալներով՝ անցած գիշեր նա հայտնվել է Գողթանիկում։ Նրան նկատել են, սակայն նա փախել է ու անհետացել»,- MediaHub-ին ասաց Վայոց ձորի բնակիչը։
 
Մենք կապ հաստատեցինք ևս մի քանի գյուղերի բնակիչների հետ։ Նրանք ևս հաստատեցին, որ վերջին օրերին անհայտ անձի հայտնվելու մասին տեղեկություններ են շրջանառվում․ հայտնվում է գիշերը, քարերով հարվածում տանիքներին, երկաթյան դարպասներին, լույս գցում մարդկանց աչքերին, քարեր նետում բնակիչների ուղղությամբ՝ անհետանում։ «Մի քանի օր է՝ Արտաբույնքում հանգիստ է։ Ես անձամբ չեմ տեսել նրան, բայց մեր գյուղից մի քանի հոգի ասում են՝ տեսել ենք։ Ամեն դեպքում, արդեն մի քանի օր է՝ ահազանգեր չկան։ Հավանաբար տեղափոխվել է այլ գյուղ»,- MediaHub-ին ասաց Արտաբույնքի բնակիչներից մեկը։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Գողթանիկի վարչական ղեկավարի հետ, անհասանելի է։ Իսկ հարևան Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանն ասաց, որ իրենց կողմերում «ուրվականը» չի երևացել։ Նրա խոսքով՝ անհայտ անձի մասին պատմությունները գուցե ավելի շատ մարդկանց երևակայության արդյունք են, քան իրական վտանգի։

«Գյուղերի բնակարանների տանիքների մեծ մասը թիթեղյա է, իսկ բերքի հասունացման շրջանում, օրինակ, հնարավոր է՝ պոպոք կամ խնձոր ընկնի, մարդիկ մտածեն, թե այդ մարդն է հայտնվել գյուղում ու քարով հարվածել տանիքին։ Ամեն դեպքում, մեր գյուղը չորս մասի է բաժանված, և ամեն թաղամասում գիշերները արջեր են հայտնվում։ Նույնիսկ մենք գիշերները ռիսկ չենք անում դուրս գալ տներից»,- ասաց նա։
 
Վայոց ձորի Գետափ բնակավայրում, որտեղ օգոստոսի առաջին օրերին հայտնվել էր դիմակավորված անհայտ անձը, բնակիչները դեռ անհանգիստ են։ Նրանք սպասում են նրա ինքնության բացահայտմանը։
 
«Ի՞նչ իմանանք՝ ով է՝ հոգեկան հիվանդ է, թե՞ հակառակորդի կողմից պատրաստված հետախույզ»,- հավելեց մեր զրուցակիցը։
 
Այս ընթացքում Վայոց ձորի տարբեր բնակավայրերում «ուրվականի» մասին պատմությունները շարունակում են շրջանառվել, սակայն մինչ այժմ նրա ինքնությունը և իրական նպատակը մնում են անհայտ։
 
Հունան Թադևոսյան

Send