Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել», ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա ամիսներին հնարավոր ու անհնար, այդ թվում՝ ոչ օրինական միջոցներ են կիրառելու ընտրություններում փոքրիշատե նորմալ արդյունքներ ունենալու համար, քանի որ օրինական, արդար ճանապարհով նրանք ոչ մի կերպ իշխանություն պահել չեն կարող:

Մեր ունեցած տեղեկություններով, այդ շարքում իրենց առջև խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր համայնքապետերին կա՛մ «իրենցով անել», կա՛մ էլ բռնաճնշումների հերթական ալիքն սկսել նրանց դեմ, որ աշխատեն իշխանությունների համար։

Արդեն իսկ մի քանի համայնքապետեր, որոնք հայտնի էին իրենց ընդդիմադիր հայացքներով, այլևս ոչ միայն hակաիշխանական հայտարարություններով հանդես չեն գալիս, այլև որոշները, մեր տեղեկություններով, մտադիր են խորհրդարանական ընտրություններում աշխատել ՔՊ-ի համար։

Ըստ կուլիսային խոսակցությունների, այդ առումով բավական պարզ է իրավիճակը Սյունիքում, որտեղ Գորիսի և Կապանի համայնքապետերը աշխատելու են գործող իշխանությունների համար։ Իրավիճակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնական է Ապարանում, որտեղ համայնքապետ Կարեն Եղիազարյանը լիովին անցել է գործող իշխանությունների կողմը, անգամ աջակցում է Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։ Ավելին, Եղիազարյանը գործող իշխանություններին և մասնավորապես մարզպետին խոստացել է անձամբ իր միջոցներով 2-3 շտաբ բացել և աջակցել ՔՊ-ի քարոզարշավին Ապարանում և հարակից գյուղերում։ Ապարանում խոսում են, որ համայնքապետն ուրացել է նաև Գարեգին Բ կաթողիկոսին, որի աջակցությունը վայելում էր բավական երկար ժամանակ։ Համայնքապետն անձամբ հանդիպել է մի քանի քահանաների, հորդորել նրանց, որ աջակցեն Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։

 

«Հրապարակ»․ թերթը գրում է․

ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է: Օրերս եւս 10 թեկնածու է ինքնաբացարկ ներկայացրել, չի բացառվում, որ մինչեւ ընտրություն էլի լինեն: Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում «ընտրագրավը» կորցնել: Հիշեցնենք, որ գրանցումից հետո ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավոր էլ չդառնալ: Իսկ 1000 ընտրիչները, որոնք ՔՊ տարածքայինների անդամներն են, ընտրության օրը՝ ներկայացված ցուցակից ընտրելու են ծանոթ-մտերիմ սկզբունքով, ուստի շատերը հայտնվելու են ցուցակի հետնամասում։

Դժգոհ են հատկապես ՔՊ պատգամավորները: Ասում են սրսկված շուրթերով ինչ-որ աղջիկների ընտրիչներն ավելի շատ ձայն կտան, քան մեզ գործող պատգամավորներիս։ Թեկնածուները կարող են միայն ֆեյսբուքյան գրառումներով պատվիրակների քվեն խնդրել, իսկ ով փորձի ծածուկ հանդիպել ընտրիչներին, զգուշացրել են, որ կհեռացվեն ՔՊ-ից: Ի դեպ, արգելել են նաեւ մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն անելը` քվե չտալու խնդրանքով ընտրիչներին դիմելը։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճիռը չկատարելու համար անպատիժ է մնում, իսկ քաղաքացիները օրենքի ողջ խստությամբ պատժվում են։

«Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Խոսքը վերաբերում է ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը, ըստ հաղորդման, դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը, չնայած պարտվել է դատական գործընթացում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր՝ սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։

Այս հայտարարությունների համար Հովհաննիսյանը դատարանում պարտվել է, վճարել 1 միլիոն 250 հազար դրամ փոխհատուցում, սակայն հրաժարվում է ներողություն խնդրել, ինչն էլ հանդիսացել է դատական ակտի չկատարման հիմք։

Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքով հստակ սահմանված է՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է կատարման համար, իսկ դրա չկատարումը՝ քրեորեն պատժելի արարք է։

Այսպիսով, ըստ իրավական տրամաբանության, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է արձագանքել հաղորդմանը և քրեական վարույթ նախաձեռնել՝ անկախ նրանից՝ անձը շարքային քաղաքացի է, թե իշխող ուժի պատգամավոր։ Իսկ վարույթ նախաձեռնելու համար նա պետք է Ազգային ժողովի պատգամավորների համաձայնությունը ստանա՝ քվեարկությամբ։ Սակայն Գլխավոր դատախազը չի մտնում խորհրդարան՝ ՔՊ խմբակցության քարտուղարի հետևից, քանի որ նա իշխանական պատգամավոր է։ Այս տարիներին 7-ից ավել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար Աննա Վարդապետյանը Ազգային ժողով գնացել է։

Ինչո՞ւ, որովհետև նույն հանցանքը կատարող շարքային քաղաքացիները պատժվում են։ «Ժողովուրդ» օրաթերթը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից պարզել է, որ շարքային քաղաքացիները դատարանի վճիռ չկատարելու համար ենթարկվել են քրեական պատասխանատվության։

Օրինակ՝
Գեղեցիկ Քաջիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը։

Թագուհի Աբովի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վարչական տույժ նշանակելուց հետո մեկ ամսվա ընթացքում չի կատարել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.08.2017 թ. ԱՎԴՅ/0077/02/17 օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

Այս օրինակները ցույց են տալիս, որ դատարանի վճիռ չկատարելու համար քրեական պատասխանատվություն իրականում կիրառվում է շարքային քաղաքացիների դեպքում, իսկ իշխանական գործիչները անպատիժ են։

Հիշեցնենք, որ խոսքը նույն Արթուր Հովհաննիսյանի մասին է, որի ավտոմեքենայից 2017 թ. 0.24 մգ թմրանյութ էր հայտնաբերվել և հարուցվել քրեական գործ։ Այսինքն՝ նա ձերբակալվել է թմրանյութի գործով»։

Send