Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, համացանցում ու սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութեր ուսումնասիրելուց հետո ահազանգում է բռնազավթված Արցախում հերթական վանդալիզմի դրսևորման մասին։
Այս անգամ նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Հովիկ Ավանեսովը գրում է, որ տեսանյութերում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի սրբապիղծները քայլում հայ ազատամարտիկների տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում, կոտրում ու պղծում դրանք։
Տեսանյութերում նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր են երևում, ինչը վկայում է, որ «գերեզմանոցը ենթարկվել է համակարգված և նպատակային ավերածության»։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենն արձանագրում է, որ «վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական և համակարգային բնույթ»։
Նա նման դեպքերը վտանգավոր ու խնդրահարույց է համարում նաև հոգեբանական ահաբեկչության տեսանկյունից։ Գործողությունների տեսաձայնագրումը և դրանց տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլ նաև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։ Նա եզրահանգում է, որ նման դրսևորումները բացահայտ նվաստացման, վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորելու փորձ են, որոնք ունեն նաև քարոզչական բնույթ։
Որոշ ժամանակ առաջ էլ ադրբեջանցիները՝ բնականաբար իրենց իշխանության հավանությամբ ու կարգադրությամբ, հողին էին հավասարեցրել Ստեփանակերտի նորակառույց երկու եկեղեցիները՝ հայտարարելով, թե դրանք անօրինականորեն են կառուցվել՝ իբրև թե հայերի կողմից Արցախն օկուպացնելու ժամանակահատվածում և ամենևին պատմական նշանակություն չունեն Արցախի համար, որը ադրբեջանական տարածք է՝ ալբանական մշակութային անցյալով։
Եվ մինչ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում Նախիջևանի օրինակով վերացնում, ջնջում է պատմական հետքը, որն անվերապահորեն հայկական է, Հայաստանում որոշ դյուրահավատ «խաղաղասեր»՝ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ իրենց ներշնչել են, թե ադրբեջանցիների հետ հնարավոր է հավասար պայմաններում խաղաղ համակեցություն ապահովել։ Այս անգամ էլ այդ քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք իրենց փորձագետներ են համարում, Լոնդոնում են հանդիպել «խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում՝ Բաքվում և Երևանում հանդիպումներ անցկացնելուց հետո։
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը, հանդիպման մասին հայտարարության մեջ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարին, նշել է, թե տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։ Նա վստահ է, որ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն, և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրավված լինեն այդ ճանապարհին»։
Մենք գործ ունենք երկու տարբեր և իրարամերժ իրականությունների հետ՝ մի կողմում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի և ընդհանրապես ամեն հայկականի, հայ էթնոսի, ինքնության նկատմամբ կայուն ու գենետիկ մակարդակով ներարկված ատելությունն ու անհանդուրժողականությունն է շարքային ադրբեջանցու մեջ, մյուս կողմից հայկական աններելի միամտությունը կամ գուցե պատմության ուրացումը, պոտենցիալ հակառակորդի հանդեպ թուլության դրսևորմամբ խաղաղություն մուրալու արատավոր սովորությունը, որը պատմության ընթացքում մեզ միշտ կանգնեցրել է կորուստների ու ողբերգությունների առաջ, դարձրել դրանց անմիջական մասնակիցը։ Հայոց պատմության էջերը լի են նման չսերտված դասերով ու փաստորեն դեռ այդ էջերը համալրելու ճակատագրական շրջապտույտից դուրս չենք եկել։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, որ հայ ազատամարտիկների, հերոսների շիրմաքարերը պղծողները՝ այն էլ երկու պետությունների կողմից խաղաղություն հաստատելու գործընթացի ժամանակ, կարող են խաղաղ ապրել մեր կողքին՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և չհավակնելով հայկական տարածքներին, հարգելով մեր պատմությունը և պահպանելով պատմության հուշարձաններն ու վկայությունները, հարգելով մեր կյանքը և հոգեբանական ահաբեկչության չենթարկելով զոհվածների կամ գերեվարվածների հարազատներին։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ ձայն ձայնի տված ընդդիմադիր ուժերին մեղադրում է ռևանշիզմի, պատերազմ սադրելու մեջ։
Փաշինյանն անգամ Ալիևի հրահանգով այդ մարդկանց ճաղերի հետևում փակելու կամ վախեցնելով լռեցնելու առիթներ է ման գալիս՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելով։ Իսկ ինչո՞ւ նույնը չի անում Ադրբեջանի առաջնորդը։ Ինչ է, նա չի՞ մտահոգվում, որ կարող է խաղաղության գործընթացը չեղարկվի, ինչո՞ւ չի դատապարտում իր երկրում հայերի հանդեպ ատելությունն ու հայկական մշակույթը, պատմությունը, գերեզմանները ոչնչացնելու գործողությունները։ Փաշինյանը շատ է սիրում հայելային բառը, համենայն դեպս մեկ-երկու տարի առաջ շատ էր այդ բառը գործածում։ Հիմա նա հրաժարվել է այդ բառից։ Իսկ գուցե պատճառն այն է, որ նա ևս գիտակցում է, որ խաղաղության հաստատումը ամենևին էլ հայելային գործողությունների արդյունք չի լինելու, և Հայաստանը նորանոր զիջումների է գնալու, որպեսզի երկրում խաղաղություն լինի և պատերազմ «չսադրենք»։
Թագուհի Ասլանյան

Русский