Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կարիերա՞, թե՞ երեխա․ ինչո՞ւ են երիտասարդները ուշ ամուսնանում, իսկ ծնելիությունը՝ նվազում

Blog Image

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել՝ կրկին հանրային ու մասնագիտական քննարկումների առանցքում դնելով երկրի ժողովրդագրական ապագայի հարցը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն օրերս հայտնել էր, որ 2025 թ.-ին Հայաստանում գրանցվել է 32 042 ծնունդ՝ 2024-ի 33 593-ի և 2023-ի 36 590-ի դիմաց։ Ըստ նախարարի` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

Թե ինչ գործոններով է պայմանավորված ծնելիության շարունակական անկումը և որքանո՞վ է արդյունավետ պետական քաղաքականությունը, MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի հետ։ Ժողովրդագետի գնահատմամբ՝ Հայաստանում առկա պատկերը բացառիկ չէ, քանի որ ծնելիության նվազման միտումը բնորոշ է աշխարհի բազմաթիվ երկրներին։

 
«Ծնելիությունը նվազել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև համատարած կերպով աշխարհում, և դրա դեմ լուրջ, արդյունավետ պայքար կարծես թե իրատեսական չէ»,- նշեց Ռուբեն Եգանյանը։
 
Նրա խոսքով՝ ծնելիության վրա միաժամանակ ազդում են ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական գործոնները։ Ըստ ժողովրդագետի՝ կարևոր դեր ունի նաև մարդկանց՝ ապագայի նկատմամբ վստահության աստիճանը։
 
«Սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական գործոններն ազդում են։ Նաև այնպիսի երևույթները, ինչպիսիք ապագայի նկատմամբ վստահության թուլությունը կամ բացակայությունն են, այս բոլորն ազդում են խնդրի վրա։ Ամեն ինչից զատ, որոշակի ուժերի կողմից որոշակի քաղաքականություն է վարվում նաև հնարավորինս կրճատելու ծնելիության մակարդակը։ Փոխվում են արժեքային համակարգերը, նվազում է այնպիսի արժեքների նշանակությունը, ինչպիսին ընտանիքն է ու ընտանիքում երեխաներն են։ Ծնելիությունը նվազում է նաև այնպիսի երևույթների հետ զուգահեռ, ինչպիսիք են կրթական մակարդակի բարձրացումը և կենսամակարդակի բարելավումը։ Այս երկուսն էլ բացասական ազդեցություն են ունենում ծնելիության մակարդակի վրա։ Դրա համար աշխարհի ամենացածր կենսամակարդակ ունեցող երկրներում ծնելիությունը, նույնիսկ կարելի է ասել, ունի բարձրանալու միտում կամ, համենայն դեպս, չի նվազում, իսկ զարգացած երկրներում դա համատարած բնույթ կրող երևույթ է»,- նշեց ժողովրդագետը։
 
Այն հարցին, թե որքանով են ծնելիության նվազման վրա ազդում ամուսնության ուշացումը, վերարտադրողական տարիքի փոփոխությունը, կարիերայի և կրթական առաջնահերթությունները, ժողովրդագետը պատասխանեց, որ դրանք ևս էական նշանակություն ունեն։ «Դա էլ իր հերթին է նպաստում։ Այսօր մարդիկ ավելի ուշ են ամուսնանում՝ պայմանավորված կարիերայի, ինչպես նաև կրթական գործընթացի տևողության մեծացմամբ»,- նշեց Եգանյանը։
 
Թեև Հայաստանում գործում են մի շարք սոցիալական ծրագրեր՝ ուղղված ընտանիքների աջակցությանը և ծնելիության խթանմանը, Ռուբեն Եգանյանը համոզված է, որ դրանց հնարավորությունները սահմանափակ են։ «Պետության կողմից իրականացվող բարեփոխումները լավագույն դեպքում կարող են որոշ չափով դանդաղեցնել այդ գործընթացը, բայց կանգնեցնել այն, առավել ևս՝ ապահովել ծնելիության մակարդակի իրական բարձրացում, դժվար է պատկերացնել»,- նշեց ժողովրդագետը։
 
Երկարաժամկետ հեռանկարում ծնելիության շարունակական անկումը, ըստ նրա, կարող է հանգեցնել ոչ միայն բնակչության թվաքանակի կրճատման, այլև դրանից բխող սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների։ «Բնականաբար, դա բերելու է բնակչության նվազմանը և դրանից բխող բոլոր հետևանքներին։ Մարդը մտածում է, որ եթե երեք երեխա ունենա, չի կարողանա ավարտել իր կրթությունը, կնվազի աշխարհ տեսնելու հնարավորությունը, դա կխանգարի իր կարիերային։ Ելնելով դրանից՝ նա պլանավորում է ընտանիք կազմելու ժամկետները և որոշում, թե քանի երեխա ունենա, որպեսզի կարողանա համատեղել իր մյուս պահանջմունքների իրականացումը։ Այդ հաշվարկներից էլ ծնվում է վերջնական որոշումը»,- ասաց Եգանյանը։
 
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի երիտասարդ ընտանիքներն ավելի վստահ որոշեն երեխա ունենալ, ժողովրդագետը մեծ փոփոխությունների ակնկալիք չունի։ «Այդ մտածելակերպը այսօրվա ինֆորմատիվ հասարակության պայմաններում շատ դժվար կլինի փոխել, իմ գնահատմամբ՝ գրեթե անհնար կլինի»,- եզրափակեց Ռուբեն Եգանյանը։

Ալիտա Եղիազարյան

Send