Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եկեղեցու դեմ արշավի պատճառներից մեկը այն է, որ Արցախի էջը մեկընդմիշտ փակվի. քաղաքագետ

Blog Image

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միասնական ժամերգություն՝ անազատության մեջ գտնվող  հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ինչպես նաև դրան նախորդել էր Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցում արված հայտարարությունները։ «Եկեղեցում ճգնաժամ կլինի այնքան, քանի նա չի հեռացել»,- նկատի ունենալով Վեհափառին՝ հայտարարել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Գարեգին Բ-ի մասին նորություն չէ հանրության համար, սակայն իր հայտարարությունները, կարծես թե, ազդանշան էին իր կողմնակիցներին՝ Փաշինյանի նպատակն իրագործելու համար՝ ազատել Վեհարանը Վեհից։

Շատերի մոտ կար կարծիք, որ դեկտեմբերի 18-ը լինելու է եկեղեցու դեմ հարձակման օր, սակայն Վեհարանի դեմ հարձակում կա՛մ պլանավորված չէր, կա՛մ էլ հնարավոր չեղավ իրագործել՝ հաշվի առնելով քաղաքացիների այն մեծ բազմությունը, որը հավաքվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի բակում։

Հասկանալու համար, թե ի՞նչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանը նման հայտարություններով, և ինչո՞ւ տեղի չունեցավ ոչինչ, փորձեցինք պարզել քաղաքագետ Ստեփան Դանիելյանից, ով նշեց, որ դա կարող է մի քանի պատճառ լինել։

«Իմ կարծիքով՝ եկեղեցու դեմ սկսած արշավի հիմնական պատճառներից մեկը այն է, որ նա այս կերպ փորձում է եկեղեցու շուրջ ստեղծել մի իրավիճակ, դնել քննարկման կենտրոնում, որ Արցախի հարցը երկրորդ պլան մղվի, որովհետև այդ հարցն իրեն ամբողջ կյանքում հետապնդելու է։ Երկրորդը՝ Փաշինյանը ելույթներով է հանդես գալիս իրական Հայաստանի, հայրենիքի նոր ըմբռման մասին, ինչի համար է սա, որովհետև այն հայրենիքի մասին պատկերացումները, որ ունի հայ ժողովուրդը, դրա համաձայն` նա դավաճան է: Եվ այս կերպ նա փորձում է քաղաքացիների պատկերացումները փոխել, որ դավաճանից դառնա հերոս»,- ասաց քաղաքագետը։

Իսկ երրորդ պատաճառը, ըստ Դանիելյանի, այն  է, որ նա կորցրել է հանրության մեծ մասի աջակցությունը և 2026 թվականի ընտրությունների ժամանակ մեծ խնդրի առաջ է կանգնելու։ 

Նրա խոսքով՝ Փաշինյանը ընտրությունների հարցը միայն ուժային եղանակով է լուծելու՝ նաև բարոյապես «ջարդելով» հանրությանը։ 

Քաղաքագետը հավելում է, որ այս կերպ վարչապետը ուզում է ցույց տալ՝ միակ կառույցը, որը իր վերահսկողության տակ չէ, կարող է այն վերցնել իր ենթակայության տակ և հանրության մեջ անզորության գգացողություն մտցնել։

Էմմա Մարտիրոսյան

Send