Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ MediaHub TV

Երկրի արտաքին քաղաքականության ամենաառանցքային հարցում ՔՊ-ն ու «Ուժեղ Հայաստանը» նույնանմա՞ն են մտածում

Blog Image

Նիկոլ Փաշինյանի ներկայիս արտաքին քաղաքականության անկյունաքարային հենարանը Վաշինգտոնում ստորագրված հուշագիրն է ու TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», որի վերաբերյալ կան տրամագծորեն հակադիր մոտեցումներ։ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այն ճանապարհ է, իսկ ընդդիմությունը «Թրամփի ուղին» համարում է միջանցք։

Քաղաքականության մեջ իշխանությունն ու ընդդիմությունն իրարից տարբերվում են հենց հակադիր մոտեցումներով, իսկ երբ մոտեցումը նույնանում է, ապա ինքնաբերաբար վերանում է նաև իշխանություն-ընդդիմություն անջրպետը։ Քաղաքական հակադրությունը հատկապես դրսևորվում է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, որովհետև դրանք են պետության քաղաքականության որոշիչը։ Տնտեսական հարցերում նույնիսկ իշխանության ներսում կարող են առաջանալ տարաձայնություններ։

Սակայն զարմանալիորեն այսօր պարզվեց, որ երկրի արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցում խորհրդարանում ընդդիմադիր լոկոմոտիվի դերը ստանձնած քաղաքական միավորը՝ «Ուժեղ Հայաստանը», որևէ տարաձայնությունը չունի իշխող ուժի հետ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը «Թրամփի ուղին» համարում են ճանապարհ, ավելին՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանն օգտագործում է գրեթե նույն խոսույթը, ինչ Նիկոլ Փաշինյանը, այն է, որ «երբեք, ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենա»։

Զերծ մնալով քաղաքական որևէ գնահատական տալուց, այնուամենայնիվ փաստենք, որ երկրի արտաքին քաղաքական թիվ մեկ օրակարգի հետ կապված ՔՊ-ն ու «Ուժեղ Հայաստանը» միակարծիք են, այստեղից կարո՞ղ է ընտրողի մոտ հարց առաջանալ, այդ դեպքում ի՞նչ տարբերություն այդ երկու ուժերի մեջ։

Նույն համոզվածությամբ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարց օրակարգում չկա ու երբեք նման բան տեղի չի ունենա։ Իսկ կարո՞ղ է ժամանակի ընթացքում փոխվի «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշումն այդ հարցում ևս, քանի որ արտաքին քաղաքականությունում բոլոր հարցերը բխում են մեկը մյուսից, բոլոր հարցերը պորտալարով կապված են միմյանց ու մեկի մյուսի տրամաբանական շարունակությունն է, որոշ դեպքերում նաև լրացումը։

Send