Հայաստանի իշխանությունները հանդգնաբար խլեցին ՀԷՑ-ը դրա սեփականատեր Սամվել Կարապետյանից՝ պատճառաբանելով, թե ընկերությունը չի կատարել պետության և բաժանորդների հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Հասկանալի է, որ Սամվել Կարապետյանի հանդեպ իշխանությունների իրականացրած քայլերը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված, ինչը հաստատում է նաև Հայաստանում գործող խոշոր տնտեսվարողների հանդեպ իշխանության ընտրողական վերաբերմունքը։
Դիցուք, Երևանում և ՀՀ 45 քաղաքներում, 334 գյուղերում, բազմաթիվ մարզային բնակավայրերում ջրամատակարարումն ու ջրային ռեսուրսների կառավարումը ստանձնած «Վեոլիա ջուր» ընկերությունը որքան էլ թերանա իր կատարած գործառույթներում, միևնույն է, շարունակում է մնալ կառավարության գուրգուրած ընկերությունների ցանկում՝ մի շարք արտոնությունների արժանանալով։ Ու սպառողների տևական դժգոհությունները կառավարությանը որևէ ձևով չեն ստիպում վերանայել մոտեցումը։ Ընկերությունն էլ, առիթից օգտվելով, չի շտապում իր սպասարկման մակարդակով բավարարել բաժանորդներին ու բարելավել ծառայությունների որակը։
Վերջին տարիներին, մանավանդ, շատացել են տարբեր պատրվակներով տևական ջրանջատումները Հայաստանի այս կամ այն բնակավայրում, Երևանի տարբեր համայնքներում։ Այս երկու օրն էլ հանրային հարթակներում քննարկվում է ընկերության կողմից հրապարակված մայիս ամսվանից սկսած մինչև սեպտեմբեր ամսվա ջրամատակարարման վերանայված գրաֆիկը, որի համաձայն այդ ամիսներին զգալիորեն կրճատվելու են ջրամատակարարման ժամերը։ Երևանում նախատեսվում է գիշերվա 12-ից մինչև առավոտյան ժամը 7-ը դադարեցնել ջրամատակարարումը՝ ապահովելով 17-ժամյա ջրամատակարարման ժամանակացույց։ Իսկ մարզերում ջրամատակարարման ժամանակահատվածն ավելի է կրճատվելու, որոշ բնակավայրերում սպառողնեը միայն վեց ժամ են ջուր ունենալու, այն էլ ամառվա շոգ ամիսներին։ Մինչդեռ այս տարի բավականին տեղումնառատ ձմեռ էր և թվում էր, թե Հայաստանում գոնե հիմա ջրի հետ կապված խնդիրներ չպետք է լինեն։
Ի պատասխան հանրային վրդովմունքի և դժգոհության՝ այսօր «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել, որում անդրադառնալով նման սուղ գրաֆիկ սահմանելու պատճառներին, նշել է, որ տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին տարվա ընթացքում ժամանակացույցը ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին)՝ պայմանավորված եղանակային պայմանների փոփոխություններով, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումով և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճով: Պարզաբանման մեջ նշվում է, որ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն: Նշված է նաև, թե ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ջրի ֆիզիկական կորուստների նվազեցմանը, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով «Վեոլիա ջրի» պարզաբանմանը և մայիս-սեպտեմբեր ամիսների համար սահմանված ժամանակացույցին, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի տեսանյութերով անդրադարձել է «Վեոլիա ջուր» ընկերության բոլոր հնարավոր խախտումներին, և ջրամատակարարման գրաֆիկը դրանից միայն մեկն է։ Ամեն տարի ընկերությունը մինչև սեպտեմբերի մեկը այդ ժամանակացույցը համաձայնեցման է ուղարկում ՀԾԿՀ-ին, որտեղ որևէ հարցադրում չի լինում ընկերության աշխատանքի հետ կապված, պարզապես հնազանդ հաստատում են։ Հաստատվել է նաև այս խնդրահարույց գրաֆիկը։
Ըստ մեր զրուցակցի՝ ամեն տարի ժամանակացույցի նման կրճատումներ լինում են, պարզապես այս տարի հասցեներն են շատացել։
Արփինե Հովհաննիսյանն ընկերությանը նամակ էր հղել, որին ի պատասխան հայտնել են, թե ընկերությանը իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ հաջողվել է կրճատել չհաշվառված ջրի քանակը։ Հետևաբար նման պայմաններում ջրամատակարարման գրաֆիկը պետք է բարելավվեր։
Ինչ վերաբերում է կառուցապտման ծավալների աննախադեպ աճի պատճառով ջրամատակարարման ծառայության կաթվածահար լինելուն, ապա ըստ Արփինե Հովհաննիսյանի, «Վեոլիա ջուրը» պետք է բարի լինի և հրապարակայնորեն այդ խնդիրը բարձրաձայնի, քանի որ դա հանրային տիրույթի հարց է, մինչդեռ պետության հետ ստվերային համաձայնության է գնում․
«Այդ դեպքում ՀԾԿՀ-ը պետք է տեսակետ արտահայտի։ Նրանք նաև խոսում են կապիտալ ներդրումների մասին ոլորտը բարելավելու համար և մեղադրում են դրանում պետությանը, այնինչ ընկերության գործունեության ութ տարիների ընթացքում պետությունը 52 համաձայնագիր է կնքել նրանց հետ, որոնցով «Վեոլիա ջրին» բազմաթիվ արտոնություններ է տվել՝ ներելով պարտքերը, հետաձգելով ներդրումների ծավալները, որպեսզի ընկերությունը կոմֆորտի գոտում աշխատի։
««Վեոլիան» շահույթով աշխատող ընկերություն է բոլոր բաժանոդրների, սպառողների հաշվին. այն էլ ջրի որակի ոչ բավարար լինելու պայմաններում, ընկերությունը չի ապահովում ջրի անհրաժեշտ որակը բաժանորդների համար, որը պարտավորվել է։ Ես հավատ չեմ ընծայում «Վեոլիա ջրի» փաստարկներին։ Միակ կազմակերպությունը, որը մեզ կարող էր հավաստել՝ ընկերությունը ճիշտ է ասում, թե ոչ, տեխնիկական աուդիտորն է, որը չկա։ Աուդիտոր չեն բերում, որովհետև կբացահայտեր նրանց սուտը»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա որոշել է դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և նրանց առաջարկել քննել ու հասկանալ, թե ինչով է զբաղված «Վեոլիա ջուրը»։
Բացի այդ, հարց է ծագում՝ արդյոք սպառողների իրավունքները չեն ոտնահարվում այս դեպքում։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը ևս MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանեց «Վեոլիա ջրի» պարզաբանումը։
Ըստ նրա՝ այդ պարզաբանումն ուղիղ ապացույց է այն բանի, որ պետությունը կառավարվում է իներցիայով, բոլոր շինթույլտվությունները պետք է տրամադրվեին՝ առկա ենթակառուցվածքները հաշվի առնելով։ Մինչդեռ շենքերը կառուցվում են, նոր ենթակառուցվածքներ չեն կառուցվում և համակարգը խիստ ծանրաբեռնվում է՝ ջրամատակարարման խնդիրներ առաջացնելով։
«Մենք այս տարի տեղումների պակաս չունենք, բայց կա ջրի մատակարարման, աղբյուրների խնդիր՝ ըստ «Վեոլիա ջրի» պարզաբանման։ Դա ևս համակարգի կառավարման ճգնաժամի հետևանք է»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։
Ինչ վերաբերում է գիշերային կորուստները կանխելու մասին հատվածին, դա, նրա համոզմամբ, սև արկղը կարմիր ժապավենով փաթեթավորելու միջոց է։ Դրանով ցանկացել են ցույց տալ, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են ոչ միայն «Վեոլիա ջուրը» և իշխանությունները, կառավարությունը, այլ նաև սպառողները, որոնք, օրինակ, գիշերային ժամերին լոգանքն են ընդունում կամ խմելու ջուրը ոռոգման, հովանալու նպատակով են օգտագործում։
Ի դեպ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը բարձր ամիբիոնից հանդիմանում էր սպառողներին, թե ատամները լվանալու համար շատ ջուր են օգտագործում։ Ակամա հարց է առաջանում՝ ո՞ւմ ականջներն են երևում այս ամենի հետևում։
Թագուհի Ասլանյան

Русский