Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նպաստի հաշվին 1000 դրամով թոշակ են բարձրացնում, ծնողների հաշվին՝ դայակների աշխատավարձը, բայց պետական բյուջեից 2,6 միլիոն դրամ Փաշինյանին են տալիս

Blog Image

Երեկ MediaHub-ի հրապարակումներից մեկում նշել էինք, որ դեռ սեպտեմբերի մեկից Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյայի և կրթական ծրագրերով խմբակների համար սահմանված վարձավճարները զգալի թանկացել են։

Եթե նախկինում մանկապարտեզում երկարօրյայի համար 5000 դրամ գումար էր գանձվում երեխայի ծնողից, իսկ մեկ խմբակի համար՝ 1000 դրամ, ապա սեպտեմբերից երկարօրյայի ծառայությունը դարձել է 7000 դրամ, իսկ կրթական ծրագրինը՝ 2000 դրամ։

Երևանի քաղաքապետարանից մեր հարցադրմանը պատասխանել են, որ մանկապարտեզների մանկավարժների վարձատրությունը գոյանում է մանկապարտեզ հաճախող սաների վճարներից և քանի որ նշված ծառայություններից օգտվում են ոչ բոլոր սաները՝ կամավոր մասնակցությամբ պայմանավորված, գոյացող գումարը չի բավականացնում մանկավարժների, դայակների վարձատրության բարձրացման համար։
 
Այնինչ դեռ այս տարվա մայիսից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 15-20 տոկոսով։ Այդ ժամանակ նշվում էր, որ բարձրացումները Երևանի բյուջեից են արվելու՝ հաշվի առնելով վերջին տարիներին բյուջեում գոյացող միջոցների էական աճը։ Բայց ստացվում է, որ մանկապարտեզների մանկավարժների աշխատավարձերը համայնքային մանկապարտեզների սաների ծնողների հաշվին պետք է բարձրացվի։ Եվ եթե աշխատավարձերը 15-20 տոկոսով են ավելացել, ապա ծնողների ֆինանսական բեռն ավելացել է գրեթե 40-100 տոկոսով։ Իսկ եթե ծնողը մանկապարտեզի տարիքի մեկից ավել երեխա ունի, ապա նա ստիպված կլինի վճարել կրկնակի թանկացած գին։ Իհարկե, ամենօրյա գնաճի պայմաններում նաև ծառայությունների գներն են աճ գրանցում և թերևս այդ տեսանկյունից թանկացումներն արդարացված են։
 
Բայց ի տարբերություն մանկապարտեզների աշխատողների՝ ծնողներից շատերի աշխատավարձերը վերջին տարիներին չեն վերանայվել և արդեն իսկ առկա գնաճի պայմաններում նաև մանկապարտեզների վարձավճարների թանկացումը կարող է լուրջ հարված դառնալ նրանց ընտանեկան բյուջեի համար։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մեզ այլ բան է հետաքրքիր։ Վերջերս որոշում կայացվեց, որ եկող տարվա հունվարի մեկից աննախադեպ ձևով աճելու են պետական պաշտոնյաների ու ծառայողների, պատգամավորների աշխատավարձերը, ինչը բնականաբար չի չեղարկելու պարգևավճարների շռայլ համակարգի կիրառումը. բարձր աշխատավարձին զուգընթաց կշարունակվեն տարին մի քանի անգամ պարգևավճարներ բաժանել պաշտոնյաներին, պատգամավորներին, պետական ապարատի աշխատողներին։
 
Ի դեպ, աշխատավարձերը ոչ թե խղճուկ 15-20 տոկոսով են բարձրացվելու, այլ, օրինակ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը ներկայիս 1,5 միլիոն դրամի փոխարեն կդառնա 2,6 միլիոն դրամ, ՀՀ նախագահինը ևս այդքան կբարձրանա, նախարարներինը՝ նախկին 998 հազար դրամի փոխարեն կդառնա 2 միլիոն 163 հազար դրամ, պատգամավորները ներկայիս 830 հազար դրամի փոխարեն կստանան 1,5 միլիոն դրամ։ Եվ այս բարձրացումներն արվելու են պետական բյուջեից լրացուցիչ 30 միլիոն դրամ գումար հատկացնելու հաշվին, այն բյուջեի, որը պետք է ծախսվի ՀՀ քաղաքացիներիս կարիքների ու պետականաշինության համար, ոչ թե որոշակի մարդկանց գրպանները հաստացնելու։ Փաստորեն պետական բյուջեն սուղ է մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը չնչին դրամներով բարձրացնելու համար, բայց բավարար է որոշակի խմբակի կյանքն անհամեմատ բարելավելու համար։ Նման մի աճպարարություն կառավարությունն արեց նաև կենսաթոշակների հետ կապված։

Այսօր կառավարության նիստից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում աչքալուսանք արեց կենսաթոշակառուներին՝ հայտնելով, որ հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա ամբողջ 1000 դրամով՝ 46 հազարից դառնալով 47 հազար դրամ։ Նրա տեղեկացմամբ աշխատանքային ստաժի հաշվարկում ևս 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Կբարձրանա նաև զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը։ Եվ ընդհանրապես՝ կենսաթոշակը կինդեքսավորվի։

Այդ նպատակով պետական բյուջեից մոտավորապես 5,5 մլրդ դրամ կհատկացվի։ Իրականում թոշակները գնաճով պայմանավորված ինդեքսավորելու և համապատասխանաբար բարձրացնելու համար կառավարությունը շատ խորամանկ քայլ է արել. Կտրելով մահվան համար տրամադրվող 200 000 դրամ նպաստը, այն նախատեսել է կենսաթոշակների բարձրացման համար։ Այսինքն՝ թոշակառուներին, ավելի ճիշտ՝ նրանց հարազատներին զրկելով կենսաթոշակառուի մահվան դեպքում հատկացվող 200 000 դրամից, դա բաշխելու են կենսաթոշակները 1000, 2000 դրամով բարձրացնելու համար։ Եվ փույթ չէ, որ որոշ կենսաթոշակառուներ կարող են շատ ավելի վաղ կյանքից հեռանալ և այդպես էլ կենսաթոշակի ձևով չստանալ իրենց հասանելիք 200 000 դրամի չնչին մասն անգամ։ Եվ դեռ հարազատներն էլ ֆինանսական բեռի տակ են հայտնվելու, քանի որ արդեն սեփական գրպանից են հոգալու նաև պետությունից տրվող խեղճուկրակ նպաստը, որը համատարած գնաճի դեպքում նաև հուղարկավորության ծառայությունների ոլորտում արդեն ծիծաղելի թվի է դարձել։ Հենց այսպես է կառավարությունն իր անսահման սերը ցույց տալիս իր քաղաքացիներին։ Բա ուրիշ ում ցույց տա, չէ՞ որ այդ քաղաքացիների հաշվին է կարողանում բյուջեի հաշվին իր բարեկեցությունն ապահովել։
 
Թագուհի Ասլանյան

Send