«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սյունիքի մարզում իշխանություններն արդեն անցել են նախընտրական ակտիվ փուլի՝ գործի դնելով անգամ վարչական ու քաղաքական բոլոր հնարավոր լծակները, որպեսզի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ն ապահովի հնարավորինս մեծ թվով ձայներ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին իշխանության համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց Սյունիքը։ Նիկոլ Փաշինյանի համար մարզից բարձր արդյունք ապահովելը քաղաքական և խորհրդանշական առումով կարևոր է, և այդ նպատակով, ըստ նույն աղբյուրների, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը։
Աղբյուրների պնդմամբ՝ գործընթացում առանցքային դերակատարում ունի նաև Առուշ Առուշանյանը, որը վերջին շրջանում, ըստ նույն տեղեկությունների, բացահայտ աջակցություն է ցուցաբերում իշխանություններին։ Մեր տեղեկություններով՝ նա մտերիմների շրջանում չի էլ թաքցնում իր դժգոհությունն ընդդիմությունից՝ նշելով, որ իր կալանավորման ընթացքում ընդդիմադիր ուժերն իրեն միայնակ են թողել։
Ըստ այդմ՝ Առուշանյանը որոշել է այլևս խաղադրույք կատարել գործող իշխանության վրա և այժմ ակտիվորեն աշխատում է ՔՊ-ի օգտին՝ փորձելով ազդեցություն ունենալ տեղական ընտրական տրամադրությունների վրա։
Սյունիքում ստեղծված իրավիճակը, ըստ էության, հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը նախընտրական գործընթացներում ապավինում ոչ միայն քաղաքական քարոզչությանը, այլև տեղական ազդեցիկ դեմքերի և վարչական համակարգի հնարավորություններին։ Սյունիքում հաղթանակը ՔՊ-ի համար կարևոր ձեռքբերում է»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ական մարզպետները, որոնք իշխող ուժի մարզային շտաբների ղեկավարներն են, այս օրերին առանձնակի լարվածությամբ են իրենց մարզերում սպասում նյարդային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանին: Իսկ նրանք, ովքեր արդեն հյուրընկալել են, եւ հիստերիայի մեջ գտնվող շեֆը գոհ չի մնացել, որովհետեւ հանդիպումները մարդաշատ չեն անցել, տագնապային սպասումներ ունեն, թե ինչպես է որոշվելու իրենց ճակատագիրը:
Այն մարզերում, որտեղ Փաշինյանը տհաճ պահեր է ունեցել, եւ մարդիկ նրան դավաճանության կամ այլ բանում են մեղադրել, մարզպետներն իրենց պաշտոնանկությանն են սպասում, եթե ՔՊ-ն հունիսի 7-ին վերարտադրվի:
Այս պահի դրությամբ Սյունիքը կարծես միակ մարզն է, որտեղ տհաճ միջադեպեր չեն գրանցվել, ինչից ոգեւորված կալավանցի մարզպետը՝ Ռոբերտ Ղուկասյանը, բանուգործը թողած, ողջ օրը օգնականների ու խորհրդականների հետ դռնեդուռ ընկած, ՔՊ-ի համար քվեներ է մուրում:
ՔՊ համայնքային շտաբների պատասխանատուներն էլ, ՔՊ-ի շապիկները հագած, ողջ օրը բուկլետ են բաժանում։
Անգամ վարչության կողմից մերժված, ՔՊ ցուցակից վտարված ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է միայնակ իր քարոզարշավն անում Կապանի գյուղերում, քանի որ բոլորին զգուշացրել են՝ որտեղ բարձր տոկոսներ խփեն, այդ մարզի ՔՊ-ականները «խերի մեջ կկորեն»։

Русский