Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վերջապես իմացանք, թե ադրբեջանցիները հայկական ինչ արտադրանք են նախընտրում

Blog Image

Դեռ մեկ ամիս առաջ MediaHub-ը, անդրադառնալով հայ-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերություններին, ներկայացրել էր այս տարվա առաջին կեսին Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ գրեթե 18 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել, այդ թվում՝ ադրբեջանական բենզին և դիզելային վառելիք։

Ադրբեջանական ծագման ապրանքներից բացի՝ երրորդ երկրներից (մասնավորապես Ռուսաստանից) ևս Ադրբեջանի միջով ապրանք է ներկրվել Հայաստան, հիմնականում՝ հացահատիկ։
 
Դեռ տարեսկզբին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկով, որոնք կարող են արտահանել միմյանց երկրներ, և հավաստիացրել, որ փոխադարձ առևտուրը շուտով կարող է իրականություն դառնալ, և գործարար աշխարհը շուտով կարձագանքի այդ հնարավորություններին։
 
Օգոստոսի 31-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, թե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը կդառնա երկկողմ՝ նշելով, որ ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանք են գնել, և Հայաստանը ևս պատրաստվում է ապրանք վաճառել Ադրբեջանին։ Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը վերջերս, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտնել էր, որ «Ադրբեջանի հետ ապրանքների փոխադարձ առևտրի մասով օրակարգը կա, և առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան»։
 
MediaHub-ը փորձել էր մի քանի գերատեսչությունից պարզել, թե ի վերջո առևտրատնտեսական հարաբերությունները փոխադա՞րձ բնույթի են, թե՞ շարունակվում են միակողմանի ընթացքով։ Այդ նպատակով դիմել էինք Էկոնոմիկայի նախարարություն՝ հստակ տեղեկատվություն ստանալու, թե ադրբեջանական սահմանը բացվելուց հետո Հայաստանից դեպի Ադրբեջան ինչ և որքան քանակությամբ ապրանք է արտահանվել անմիջապես ադրբեջանական շուկա կամ երրորդ երկրներ։ Սակայն նախարարությունից մեզ ուղղորդել էին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն՝ ասելով, թե այդ ոլորտն այժմ իրենք են համակարգում։
 
Բայց մեր դեգերումները այդքանով չավարտվեցին, քանի որ Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունից էլ մեզ հորդորեցին զանգահարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ և այնտեղից ճշտել մեզ հետաքրքրող տեղեկատվությունը։ Մհեր Գրիգորյանի գրասենյակում, թեև զարմացած էին մեր հարցադրումից՝ նշելով, թե այդ ոլորտը Էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի տիրույթում է, սակայն պատրաստականություն էին հայտնել գրավոր հարցում ուղարկելու դեպքում հնարավոր տեղեկություն տրամադրել։
 
Երեկ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ 2025 թվականի դեկտեմբերից մինչև օրս Հայաստանից Ադրբեջան արտահանվել է մոտ 21 տոննա ապրանք, այն դեպքում, երբ հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել մոտ 22 000 տոննա ապրանք։ Ըստ մեզ տրամադրված տեղեկատվության՝ բացի անմիջապես Ադրբեջան ներմուծված ապրանքից, Ադրբեջանի տարածքով մեր երկրից տարանցման եղանակով այլ երկրներ արտահանվել է մոտ 120 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանի տարածքով տարանցման եղանակով այլ երկրներից Հայաստան է ներմուծվել մոտ 90 000 տոննա ապրանք։
 
Փոխվարչապետի գրասենյակից, սակայն, չեն մանրամասնել, թե ինչ ապրանքների մասին է խոսքը և ինչ արժողությամբ՝ հորդորելով առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոնոմիկայի նախարարություն և պետական եկամուտների կոմիտե։
 
Երեկ կառավարության նիստից հետո MediaHub-ը հնարավորություն ունեցավ այդ հարցով դիմելու անմիջապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որն էլ հայտնեց, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել։ Ի դեպ, հայկական արտադրության փայլաթիթեղը վաղուց է եվրոպական մի շարք երկրներում պահանջարկ ձեռք բերել։ Հայկական արտադրության ալյումինե փայլաթիթեղը՝ այսպես կոչված ֆոլգան, հասցրել է գրավել գերմանական, լեհական, նիդերլանդական, իսպանական, իտալական, բրիտանական, ֆրանսիական, հունական շուկաները՝ փոքր չափերով արտահանվելով նաև Վրաստան, Ղազախստան և հիմա՝ նաև Ադրբեջան։
 
Թագուհի Ասլանյան

Send