«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։
Կուսակցության կարծիքով՝ Հ1-ը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
Ըստ հայցադիմումի՝ զրպարտությունը կատարվել է 2026թ. մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում։
Քաղաքական ուժը պահանջում է պարտավորեցնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները ստորև բովանդակությամբ.
«2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:
Հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ. մայիսի 15-ին, վարույթ ընդունելը որոշված չէ։ Գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին։

Русский