Չինաստանը թարմացրել է զորահավաքի մասին օրենքը. սա նմանատիպ առաջին փոփոխությունն է 2010 թվականից ի վեր։ Նոր տարբերակն ընդլայնում է պատերազմական սցենարների դեպքում գործելու հնարավորությունները՝ թույլ տալով իշխանություններին ռազմական կարիքները բավարարելու նպատակով առգրավել մասնավոր անձանց և ընկերությունների պատկանող գույքը։
Օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերին։ Զորահավաքը նպատակ ունի հեշտացնել երկրի անցումը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական վիճակի՝ պաշտպանական նպատակներով օգտագործելով տնտեսությունը, ենթակառուցվածքները և մարդկային ռեսուրսները։
Զորահավաք հայտարարվելու դեպքում իշխանությունները լիազորված կլինեն առգրավել քաղաքացիական տրանսպորտային միջոցներ, ենթակառուցվածքային օբյեկտներ և էներգետիկ ակտիվներ։ Մասնավոր ընկերությունները և քաղաքացիները պարտավոր կլինեն կատարել այդ կարգադրությունները։ Օրենքը կտարածվի նաև Չինաստանում գործող օտարերկրյա ընկերությունների վրա։ Դեռևս 2010 թվականին օրենքի սկզբնական տարբերակն ընդունելիս չինական իշխանությունները նախատեսել էին, որ արտակարգ իրավիճակի դեպքում օտարերկրյա ձեռնարկություններին կարող են հանձնարարվել պետական կարիքների համար ապրանքների արտադրություն։
Օրենքը նախատեսում է նաև առաջատար ոլորտների նորարարությունների մոբիլիզացիա, որոնք կարող են ներառել արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը և անօդաչու թռչող սարքերը։ Իշխանությունները և մասնավոր ընկերությունները պարտավոր կլինեն պահուստավորել ռազմավարական նշանակություն ունեցող նյութերն ու հազվագյուտ հողային մետաղները։ Պետական գերատեսչությունները պետք է տվյալներ հավաքագրեն պատերազմի դեպքում պետական օգտագործման համար հասանելի բոլոր հնարավորությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ։
Օրենսդրական այս փոփոխություններն իրականացվում են Թայվանի շուրջ առկա ռազմական լարվածության ֆոնին։

Русский