Ամերիկացի գործարարներ Թոդ Բոելին և համասեփականատեր Մարկ Ուոլթերը վաճառել են անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբում իրենց բաժնեմասերը:
Գործարքի արդյունքում «Clearlake Capital» ընկերությունը ստանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի նկատմամբ լիակատար վերահսկողություն։
Մասնավոր ներդրումային Clearlake ընկերությունը, որը ղեկավարում են Բեհդադ Էղբալին և Խոսե Է. Ֆելիսիանոն, նախկինում տնօրինել է «Չելսիի» բաժնետոմսերի 61,5%-ը, մինչդեռ ամերիկացի գործարարներ Ուոլթերն ու Բոելին յուրաքանչյուրն ունեցել են 12,83% բաժնեմաս։ Ակումբի հայտարարության համաձայն՝ շվեյցարացի բարերար Հանսյորգ Վիսը, ով նույնպես տնօրինել է 12,83% բաժնեմաս, կմնա որպես գործընկեր սեփականատերերի խմբում։
Կոնսորցիումը «Չելսին» ձեռք էր բերել 2022 թվականին՝ 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգով (3,3 միլիարդ դոլար), և պարտավորվել էր լրացուցիչ 1,75 միլիարդ ֆունտ ստերլինգ (2,3 միլիարդ դոլար) ներդնել ակումբում այն բանից հետո, երբ նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ենթադրյալ կապերի պատճառով։
«Financial Times»-ը հայտնել է, որ Ուոլթերն ու Բոելին իրենց ընդհանուր բաժնեմասի դիմաց կստանան 950 միլիոն ֆունտ ստերլինգ (1,3 միլիարդ դոլար). գործարքի շրջանակում ակումբի արժեքը գնահատվել է 5 միլիարդ ֆունտ ստերլինգ (6,7 միլիարդ դոլար)՝ ներառյալ պարտքերը։
Բոելին զբաղեցնում էր նաև ակումբի նախագահի պաշտոնը։

Русский