«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։
Ո՞վ է Տիգրան Հակոբյանը․
Տիգրան Հակոբյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 1-ին Երևանում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, տարբեր տարիների աշխատել է մի շարք լրատվամիջոցներում և պետական կառույցներում։ Եղել է «Կոմունիստ» և «Республика Армения» թերթերի աշխատակից, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը։ Աշխատել է նաև հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունում։
2016-2019 թվականներին եղել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, 2019-2022 թվականներին՝ հանձնաժողովի նախագահ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 16-ից կրկին ղեկավարում է կառույցը։
Անշարժ գույք․
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Տիգրան Հակոբյանի 2025 թվականի հայտարարագիրը և արձանագրել, որ նա հայտարարագրել է երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևանում գտնվող բնակարան է, որի նկատմամբ ունի 50 տոկոս բաժնային սեփականության իրավունք։ Բնակարանը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 19-ին՝ գնման եղանակով։
Մյուսը Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Այն ձեռք է բերել 2003 թվականի մարտի 17-ին՝ նույնպես գնման եղանակով։ Հայտարարագրում նշված է, որ այս գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համատեղ է։
«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից չի օտարել։
Տրանսպորտային միջոցներ․
Հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Հակոբյանը 2025 թվականի սկզբին և տարեվերջին տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Դրամական միջոցներ․
ՀՌՀ նախագահը բանկային ավանդներ է հայտարարագրել երկու արժույթով։ Տարվա սկզբին նրա դրամային ավանդը կազմել է 2 միլիոն 170 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 4 միլիոն 170 հազար դրամ։ Դոլարային ավանդը տարվա սկզբին եղել է 6 հազար 564 դոլար, տարեվերջին՝ 6 հազար 760 դոլար։
Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել է 2 միլիոն 705 հազար 190 դրամ, 8 հազար 500 դոլար և 151 եվրո։ Տարեվերջին դրամային հաշվի մնացորդը կազմել է 5 միլիոն 399 հազար դրամ, դոլարայինը՝ 3 հազար 757 դոլար, իսկ եվրոյինը՝ 2 հազար 199 եվրո։
Կանխիկ դրամական միջոցները ևս փոփոխվել են։ Տարվա սկզբին հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 5 հազար 600 դոլար և 800 եվրո կանխիկ գումար։ Տարեվերջին կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 600 հազար դրամ, 4 հազար 500 դոլար և 500 եվրո։
Եկամուտ․
«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանի ընդհանուր եկամուտը կազմել է 17 միլիոն 114 դրամ։ Դրանից 16 միլիոն 426 հազար 114 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, իսկ 574 հազար դրամը՝ կենսաթոշակը։
Վարկ և ծախսեր․
Տիգրան Հակոբյանը հայտրարագրել է նաև 17 միլիոն 29 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Վարկի նպատակային նշանակությունը պաշտպանված է, իսկ որպես հիփոթեքի առարկա նշված է բնակարան։
2025 թվականին անշարժ գույքի վերանորոգման համար նա կատարել է 3 միլիոն 500 հազար դրամի ծախս»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Русский