Սիրիայի՝ անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկյան Նյու Ջերսի նահանգը հանձնել Իսրայելին։
Ըստ ալ-Շարաայի՝ նա այդ առաջարկն արել է Վաշինգտոն կատարած այցի ժամանակ՝ ամերիկյան առաջնորդի հետ քննարկելով օկուպացված Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ես իսկապես յուրահատուկ հարաբերություններ հաստատեցի նրա [Թրամփի] հետ։ <...> Երբ այցելեցի նրան Սպիտակ տանը, կատակ արեցի։ <...> Նա խոսում էր Գոլանի բարձունքների մասին՝ պնդելով, որ դրանք Իսրայելի ինքնիշխանության ներքո են, իսկ ես հարցրի. «Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս իսրայելցիներին։ Գոլանի բարձունքները ձեզ չեն պատկանում, որպեսզի դրանք [որևէ մեկին] հանձնեք, մինչդեռ Նյու Ջերսին ձերն է»», - ասել է ալ-Շարաան՝ ելույթ ունենալով Նյու Յորքում «Ատլանտյան խորհրդի» (Atlantic Council) կազմակերպած միջոցառմանը։
Նա ընդգծել է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային՝ անկախ այդ կատակից։ «Ուստի ո՛չ Սիրիայի նախագահը, ո՛չ ԱՄՆ նախագահը և ո՛չ էլ որևէ այլ ոք իրավունք չունեն հրաժարվել դրանցից կամ հանձնել դրանք ուրիշներին», - հավելել է ալ-Շարաան։
Գոլանի բարձունքները Սիրիայի հարավ-արևմուտքում են, Դամասկոսից մոտ 60 կմ հարավ-արևմուտք։ Տարածքը կազմում է մոտ 1800 քառակուսի կիլոմետր։ 1967 թվականից ի վեր՝ Վեցօրյա պատերազմի արդյունքում, Գոլանի բարձունքների մեծ մասը (1230 քառակուսի կիլոմետր) օկուպացվել ու հետագայում անեքսիայի է ենթարկվել Իսրայելի կողմից, և այդ տարածքը դրանից ի վեր երկու երկրների միջև վեճի առարկա է։ 2024 թվականի դեկտեմբերին Իսրայելն օկուպացրել է բարձունքների մնացած մասը։ Երկրների ճնշող մեծամասնությունը Գոլանի բարձունքները համարում է սիրիական տարածք։ 2019 թվականի մարտի 25-ին Թրամփը ստորագրել էր պաշտոնական հռչակագիր՝ ճանաչելով Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ՝ դրանք ճանաչելով հրեական պետության տարածք։

Русский