ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ հայտարարությունների հակասականությունն ու խճճվածությունը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է ՌԴ փոխարտգործնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցով նման հանրաքվեի նախաձեռնողը պետք է լինի հենց Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 2025 թվականին «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ, չնայած Սահմանադրության համապատասխան դրույթներին, դրա ընդունումը հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ այդ փաստաթուղթը պարզապես քաղաքական հայտարարություն է և իրավական նշանակություն չունի։
«Այժմ, սակայն, մենք լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքներն, իբր, ինքնին արդեն վկայում են եվրոպամետ կուրսի, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, հետևաբար՝ կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա»,– ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է փոխնախարարը։
«Հիշեցնեմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն տրամագծորեն հակառակ և բավական խճճված հայտարարություններ էր անում։ Միևնույն ժամանակ, նա երբեմն բավական անկեղծորեն ընդունում էր, որ Հայաստանին դեռ ոչ ոք ԵՄ անդամակցության հրավեր չի արել, և որ երկիրը, առհասարակ, կարող է երբեք էլ չանդամակցել դրան։ Արդեն իսկ իսկապես շատ բան է ասվել, սակայն դրանից հարցի շուրջ հստակությունը բոլորովին չի ավելացել»,– հավելել է Գալուզինը։
Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են, որ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի քաղաքացիները այս հարցի վերաբերյալ։
«Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական մակարդակում՝ «ցանկանո՞ւմ եք արդյոք ԵՄ-ում լինել», այլ կոնկրետ-գործնական ձևակերպմամբ․ պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ ապագայում ԵՄ-ին միանալու, այն էլ՝ ոչ ամբողջությամբ ակնհայտ հեռանկարի համար։ Քանի որ հարցի հենց այս ձևակերպումը առավել ազնիվ կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այնպես էլ ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ»,– եզրափակել է գործակալության զրուցակիցը։
Վերջին շրջանում Երևանը հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրման ուղղությամբ իր կուրսի մասին։ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը պնդել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և նախատեսում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ինտեգրումը այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր կլինի։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՄ-ին ինտեգրումն ինքնաբերաբար հանգեցնում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության դադարեցմանը և դրա հետ կապված բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը օգտվել է Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվելու ողջ ընթացքում։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդներն ընդունել են համատեղ հայտարարություն, որում նշվում է, որ նրանք կիսում են Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու հարցով համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը։

Русский