«Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որտեղ, մասնավորապես նշվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ապա և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ և վավերացմամբ, ու շարունակվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ և Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ։
Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերն են՝ սահմանազատման գործընթացի շարունակությունը, TRIPP նախագծի իրագործումը՝ 2025 թ. օգոստոսի 8–ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թ. հունվարի 14–ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից ընդունված TRIPP-ի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումը, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։ Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը սպառիչ չեն. քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը։
Թեմայի վերաբերյալ MediaHub-ը զրուցել է վերլուծաբան Կարեն Կարապետյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ տեղի կունենա, երբ ՔՊ-ն վերընտրվի, ի՞նչ զարգացում կունենա սահմանազատումը, TRIPP-ը և այլն։
Կարապետյանը նշեց՝ ՔՊ-ն սահմանազատման ու սահմանագծման հետ կապված թմբկահարում էր, որ այդ գործընթացը պետք է լինի խաղաղության բաղկացուցիչներից մեկը, թեպետ ինքը մի քիչ վերապահում ունի այդ հարցում, որովհետև նախ պետք է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները կատարվեին, ամբողջանային, այնուհետև, երբ չմնար որևէ վիճելի հարց, կնքվեր խաղաղության պայմանագիրը։
«Հակառակ դեպքում ստացվում է հետևյալ պատկերը, եթե կնքվում է խաղաղության պայմանագիրը, այնուհետև նոր կողմերը անցնում են սահմանագծմանն ու սահմանազատմանը, ու Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները հրաժարվում են դուրս գալ օկուպացրած տարածքներց, ապա այդ դեպքում ի՞նչ է անելու Հայաստանի իշխանությունը, որովհետև մնում է, կարծես թե, մեկ ճանապարհ՝ ազատագրել մեր տարածքները։ Այսինքն՝ մնում են միայն ռազմական գործողությունները, ուժի կիրառումը, որպեսզի նրանց հանեն այդ տարածքներից։ Ստացվում է՝ մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր՝ թողնելով կնճռոտ հարցեր, որոնք կարող են վաղը, մյուս օրը հանգեցնել էսկալացիայի»,- նկատեց մեր զրուցակիցը։
Կարեն Կարապետյանը հիշեցրեց Տավուշի մարզում իրականացված սահմանազատումը, որում ադրբեջանական կողմը խիստ շահագրգռված էր, և այդտեղ գործընթացն արագ տեղի ունեցավ, սակայն հետագա շարունակություն մենք չտեսանք, գործընթացը կանգ առավ և մնաց միայն թղթի վրա, որը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է քարոզչական նպատակներով։
ՔՊ-ն մշտապես նշում է՝ եթե իրենք չլինեն իշխանության, ապա կլինի պատերազմ։ Մեր ճշտող հարցին՝ եթե ՔՊ-ն վերընտրվի, հավանակա՞ն է պատերազմը, վերլուծաբանը պատասխանեց՝ և՛ հավանական է, և՛ քիչ հավանական։
«Նախ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենց չվերարտադրման դեպքում լինելու է պատերազմ, դա պարզ շանտաժ է՝ 2021 թ․-ի նման, որովհետև այն ժամանակ նա կեղծեց իր նախընտրական խոստումները, իսկ հիմա պարզապես դիմում է շանտաժի, փորձում է հանրության վրա հոգեբանական ճնշում գործադրել և իր ուժը ներկայացնել որպես խաղաղության միակ երաշխավոր։ Սակայն, չպետք է մոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն այն ուժն է, որ բերեց պատերազմ Հայաստանին և Արցախին, հետևաբար, պատերազմ բերած, պարտություն կրած ուժը չի կարող լինել խաղաղության երաշխավորը»,- ամփոփեց խոսքը Կարեն Կարապետյանը։
Էմմա Մարտիրոսյան

Русский