Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ալիեւը քննադատել է Եվրախորհրդարանը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին տեսակապով ելույթ ունենալիս

Blog Image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է Եվրախորհրդարանը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին տեսակապի միջոցով ելույթ ունենալիս, գրել են ԶԼՄ-ները։

Նա հայտարարել է, թե Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանին, և որ Բաքուն «Ղարաբաղում 2023 թվականին վերջ է դրել անջատողականությանը»։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ԵԽԽՎ-ի համար «երկակի ստանդարտները» դարձել են աշխատելաոճ, քանի որ «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար» ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։

Ալիեւը նաև ասել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում տեսակոնֆերանսի միջոցով կապ հաստատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Նա հայտնել է, որ Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է 2026 թվականի մայիսին Հայաստանում գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։ Նա աջակցել է այս գաղափարին՝ առաջարկելով հաջորդ գագաթնաժողովներից մեկն անցկացեն Ադրբեջանում՝ «հավասարակշռելու համար»։

Ալիեւի խոսքով՝ այս նախաձեռնությունն ընդունվել է, և նա մասնակիցներին հրավիրել է 2028 թվականի մայիսին Ադրբեջանում կայանալիք գագաթնաժողովին՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես աջակցել է Բաքվի թեկնածությանը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ (476 կողմ, դեմ 47 հարաբերակցությամբ) Հայաստանի վերաբերյալ բանաձև էր ընդունել։ Բանաձևով վերահաստատվել էր ԵՄ աջակցությունը ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ 

Բացի այդ, խորհրդարանը դատապարտել էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների «անարդար կալանքը» և պահանջել նարնց անհապաղ ազատ արձակել։ Բանաձևով կառույցը վերահաստատել էր ԵՄ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար։

Այս ամենից հետո Ադրբեջանի խորհրդարանը դադարեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում՝ դրա «հակաադրբեջանական գործունեության պատճառով»։ 

 

 

Send